Խորհրդարանը քննարկում է երեխային սեռական բռնությունից պաշտպանելու մասին կոնվենցիան
«Նպատակ ունենք երեխաներին սեռական բռնություններից զերծ պահելու»,- խորհրդարանում ասաց արդարադառության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը՝ ներկայացնելով սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնությունից երեխաների պաշտպանության մասին կոնվենցիան, որն ընդունվել է 2007 թվականին և ուժի մեջ մտել 2010 թվականին։
Նա տեղեկացրեց, որ կոնվենցիան ՀՀ-ի կողմից ստորագրվել է 2010 թվականին։
«Այն միջազգային համալիր ինստրումենտ է՝ ուղղված երեխայի սեռական շահագործման և սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, ինչպես նաև պատշաճ քննության անցկացմանը։ Կոնվենցիայի վավերացմամբ ՀՀ-ն ստանձնելու է մի շարք պարտավորություններ, որպեսզի ապահովվի երեխաների պաշտպանությունը՝ շփման տարբեր միջավայրերում»,- ներկայացրեց Ք. Գրիգորյանը։
Ըստ նրա, կոնվենցիային անդամակցող պետությունները պարտավորվում են ապահովելու կոնվենցիայի 18-23 հոդվածներով նախատեսված՝ դիտավորությամբ կատարված արարքների քննություն. «Դրանք են երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնությունը, մանկական մարմնավաճառությունը, մանկական պոռնոգրաֆիան և երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիկ ցուցադրություններում, երեխային սեռական գործողությունների դրդումը և նրա սեռական այլասերումը։ Ինչպես նաև, կոնվենցիայի համաձայն, նշված գործողությունների կատարման մեջ մեղադրվող անձանց տվյալներն ու գենետիկ կոդի վերաբերյալ տվյալներ են հավաքագրվելու, ինչի համար սահմանվելու է ազգային իրավասու մարմին»,- մեկնաբանեց փոխնախարարը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը խնդրեց ներկայացնել վիճակագրությունը, թե ինչ իրավիճակ կա այսօր երկրում։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ք. Գրիգորյանն ասաց, որ վերջին 3 տարիներին գրանցվել է հետևյալ դինամիկան. 2017 թվականին քննվել է երեխաներին նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 265 գործ է քննվել, որի 101-ը սեռական բնույթի է եղել։
«2018 թվականին 317 քրեական գործից 76-ն է եղել սեռական բնույթի, իսկ 2019 թվականի միայն առաջին կիսամյակի տվյալներով 209 քրեական գործ է քննվել, որից 51-ը՝ սեռական բնույթի»,- տեղեկացրեց արդարադատության փոխնախարարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան