Բացվել է առաջին դասարան ընդունվող երեխաների հայտագրման համակարգում տվյալների ստուգման հնարավորություն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել stugum.emis.am կայքի վերաբերյալ.
«Մայիսի 8-ին՝ առավոտյան ժամը 9:00-ից սկսած stugum.emis.am կայքում բացվել է առաջին դասարան ընդունվող երեխաների հայտագրման համակարգում տվյալների ՍՏՈՒԳՄԱՆ հնարավորությունը։
Ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը պետք է ստուգեն համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։
Այստեղ բացվում է երկու դաշտ, որտեղ պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` համակարգը չի հայտնաբերի ծնող-երեխա կապը (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակին սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։
Ուշադրություն. սա ընդամենը ՍՏՈՒԳՈՒՄ է, ոչ թե բուն հայտագրումը։ Դա նախաձեռնվել է, որ մինչև հայտագրումը բոլորի տվյալները նույնականացված լինեն, և հայտագրման ընթացքում խնդիրներ չառաջանան։
Հայտագրումը մեկնարկելու է հունիսի 1-ին՝ առաջնահերթություն ունեցողների համար։ Հունիսի 11-ից սկսած համակարգը բաց կլինի բոլորի համար»։