Մի բան է ընձառյուծ նկարել, մեկ այլ բան՝ կենդանուն ապահով պահելը.Մանվելյան
Օրերս տեղեկություն տարածվեց, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում WWF Հայաստանի կողմից տեղադրված տեսախցիկներն ընձառյուծ են նկարահանել։
Ավելի վաղ՝ շուրջ մեկ տարի առաջ, Ենոքավանի բնակիչներից մեկը պնդում էր,որ իր վրա ընձառյուծ է հարձակվել: Թեև հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի Գերմանիայում կատարված լաբորատոր հետազոտությունը 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը, այդուհանդերձ բնակիչը շարունակել է պնդել, որ տեսել է ընձառյուծ: Ինչն էլ ստիպում է Բնության համաշխարհային հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի մասնագետներին ձեռնամուխ են լինել այդ տարածքում ընձառյուծի որոնողական աշխատանքներին: Ֆոտոթակարդներ են տեղադրվում և պարբերաբար մասնագիտական խումբը տարածքում հետազոտություններ է անցկացնում:
Լուսանկարը, որը փաստում է Ենոքավան գյուղի տարածքում ընձառյուծի առկայության մասին, արվել է սույն թվականի հունվար ամսին, սակայն մասնագետները միայն մի քանի օր առաջ են կարողացել գնալ դեպքի վայր և ստուգել տեսախցիկների նկարածը:
«Կորոնավիրուսի պայմաններում ավելի վաղ հնարավոր չէր գնալ ստուգելու: Այո, տուժողը շարունակում էր պնդել , որ տեսել է ընձառյուծ և մենք որոշեցինք հետազոտություններ անցկացնել, ավելացրինք տեսախցիկների թիվը: 90 տոկոսով կարող ենք ասել, որ արու է»,- panorama.am-ի հետ զրույցում ասաց WWF Հայաստան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը :
Այս դեպքի մասին արդեն տեղյակ են նաև ռուս մասնագետները:
«Ես հիշում եմ մարդու վրա ընձառյուծի հարձակման այդ պատմությունը: Վստահ էի, որ նա սպանել է նրան: Ուստի ես սխալվեցի և փառք Աստծո, որ ընձառյուծը կենդանի է:
Բայց սա ևս մեկ արական սեռի ներկայացուցիչ է, որը որոշ ժամանակ կճանապարհորդի Փոքր և Մեծ Կովկասի տարածքներով, մինչև որ նրան էլ կվերածեն «գորգի»: Էգը նրա մոտ չի գա»,- տեսնելով Ենոքավանում օրերս WWF Հայաստանի կողմից արված լուսանկարը, panorama.am-ի հետ զրույցում ասաց գիտնական, կենսաբանական գիտությունների թեկնածու, խոշոր կաթնասուների (կ
ատվազգիների) մասնագետ, Ռուսաստանի պետարգելոցների Կենտրոնի փորձագետ՝ Վիկտոր Լուկարևսկին։
Ի դեպ նա Կովկասի,այդ թվում ՝ Հայաստանի տարածքում ընձառյուծի հետազոտություններ է անցկացրել դեռևս 90-ականներին, այսինքն ՝ ընձառյուծի առաջին հետազոտողներից է:
«1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Հրաչ Ղազարյանի հետ սկսեցինք հավաքել և ամփոփել Հայաստանում հանդիպած ընձառյուծների մասին բոլոր տեղեկությունները: 2001-ին իրավիճակը նման էր այսօրվան, բայց չունեինք ֆոտոթակարդներ, զննում էինք Խոսրովի արգելոցի հարավում գտնվող ամբողջ տարածքը: Արդյունքում գտանք կենդանու առկայության հուսալի նշաններ միայն Հայաստանի հարավում: Այդ շրջանում գտանք ընձառյուծի երկու մորթի, որից մեկը սպանվել էր ՝ 1995-ին, մյուսը՝ 1998-ին, որձ էին:
Ընձառյուծի առկայության հուսալի նշաններ գտել էի Մեղրու լեռնաշղթայում ՝ 2002-2003թթ.: Այդ ժամանակ միայն ես տեսա ընձառյուծի հետքերը: Ավելի ուշ, 2004-2005թթ.գրեթե բոլորը տեսան: Այն ժամանակ վերարտադրություն կար ,բայց Նախիջևանի շրջանում: Այնուամենայնիվ, արդեն 2006-ին այնտեղ սպանվել էր էգ ընձառյուծը: Հինգ տարի այնտեղ լռություն էր, միայն 2012-ին նկատեցին որձին: Ուզում եմ ասել, որ բոլոր դեպքերում կենդանիները սպանվում են և հնարավորություն չեն ունենում վերարտադրվելու կամ տարածքից տարածք տեղափոխվելու»,- իր դիտարկումներն ու մտահոգությունը հայտնեց ռուս մասնագետը:
Անդրադառնալով Հայաստանում գտնվող առանձնյակների պահպանության խնդրին Կարեն Մանվելյանը տեղեկացրեց. «Վերջին հինգ տարվա ընթացքում ընձառյուծի որս չի գրանցվել Հայաստանում: Պահպանվող տարածքներում, որտեղ կենդանու ապրելավայր է, պահպանություն կա: Հիմա փորձում են Շրջակա միջավայրի նախարարության հետ պահպանությունն ուժեղացնենք նաև Ենոքավանի տարածքում: Անտառտնտեսության աշխատակիցները, մեր գործընկեր կառուցները հաջորդ շաբաթվանից սկսելու են քայլեր ձեռնարկել ՝ այդ տարածքու պահպանություն իրականացնելու համար : Մի բան է ընձառյուծ նկարել, մեկ այլ բան է կենդանուն ապահով պահելը, որպեսզի չվնասեն»:
Նրա փոխանցմամբ տուժող գյուղացին ևս ընդգրկվել է պահպանության գործընթացում ՝ որպես ընձառյուծի խնամակալ: Նա կաշխատի միջազգային կառույցի հետ:
Հավելենք, որ այսօր Հայաստանում հաշվվում է շուրջ յոթ ընձառյուծ, որոնք գտնվում են հանրապետության չորս մարզերում: Նրանց թիվը տատանվում է , քանի որ կենդանատեսակն անընդհատ միգրացիա է կատարում ՝ երկրից երկիր, չէ որ նրանց համար չկան փակ սահմաններ: