Վիտալի Բալասանյան. Կամաց-կամաց բացահայտվում է Փաշինյանի «վերելակային դիվանագիտոթյունը»
Ժամանակին ես գնահատական եմ տվել, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ինչ պրոեկտ է սա, Արցախի շուրջ դավադրությունների մասին եմ խոսել ու անդրադարձել «վերելակային դիվանագիտությանը», և այսօր ամեն ինչ կամաց-կամաց բացահայտվում է։ Tert.am-ի հաղորդմամբ, այս մասին Անժելա Թովմասյանի՝ Արմնյուզ ՀԸ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը՝ Արցախի հիմնահարցի փուլային տարբերակի կարգավորման վերաբերյալ։
Վիտալի Բլաասանյանի խոսքով՝ իր ունեցած տեղեկությունը հավաստի է, հարյուր տոկոսանոց․«Ես անցած տարի մայիսի 9-ին ասացի՝ վերելակային դիվանագիտությամբ զբաղվում է Նիկոլ Փաշինյանը։ Եղել է պայմանավորվածություն, որտեղ ամենակարևորը եղել է այն, որ Փաշինյանը զերծ մնաց «Սանկտ-Պետերբուրգ-Վիեննա-Ժնև» պայմանավորվածությունից»։
Վիտալի Բալասանյանը հիշեցրել է, թե քանի անգամ է ինքը զգուշացրել, որ հայ ժողովրդի թիկունքում թաքուն բանակցություններ են ընթանում․«Առաջին օրվանից ասել եմ՝ կա դավադրություն։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ կան դավադիր ուժեր․ դավադիր ուժը Նիկոլ Փաշինյանն է։ Լավրովը ի լուր աշխարհի բացահայտեց ճշմարտությունը»։
Վիտալի Բալասանյանը պնդել է՝ Նիկոլ Փաշինյանը ստում է․«Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է վտանգավոր խաղերի մեջ։ Նա չի տիրապետում արտաքին հարաբերության որևէ կետի։ Որպեսզի մենք փուլային փաթեթից զերծ մնանք, Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պետք է հրաժարական տան»։
Վիտալի Բալասանյանը վստահեցրել է՝ Արցախի հարցի փուլային տարբերակի կարգավորմանը գնալու դեպքում Արցախն ու համայն հայությունը ոտքի է կանգնելու։
Վիտալի Բալասանյանի դիտարկմամբ՝ այս իշխանությունը չգիտի՝ Արցախի ազատագրման համար որքան քրտինք ու արյուն են թափել հերոսները, իսկ իրենք արժեզրկում են հերոսներին։
Հաղորդման վերջում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությանն ու հարցին՝ արդարությունը կվերականգնվի՞, Վիտալի Բալասանյանը պատասխանել է․ «Վստահ եմ՝ արդարությունը հաղթելու է։ Ազգը խելքի է գալու»։
Դիտարկմանը՝ ի՞նչ դերակատարում է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Արցախի կազմավորման ու հաղթանակների հարցում, Վիտալի Բալասանյանը նշել է․ «Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ Արցախն առաջին անգամ ունեցել է հանրապետության ստատուս։ Ցույց տվեք մի երկիր, որը պատերազմական գործողությունների ժամանակ զրոյից կարողացել է անցնել հակահարձակման, լռեցնել բոլոր կրակակետերն ու հասնել հաղթանակի»։
Վիտալի Բալասանյանը հիշեցրեց նաև՝ ինչպիսի երկիր իրենից հետո թողեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ինչ դերակատարում ունեցավ Ռոբերտ Քոչարյանը՝ Հայաստանի ռազմաքաղաքական գործիչների խնդրանքով ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը։