Գործունեության կասեցում՝ միանգամից 90 տնտեսվարողի հանդեպ
ՀՀ պարետի թիվ 70 որոշմամբ՝ 24 ժամով գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել մարզերում եւ մայրաքաղաքում գործող 90 տնտեսվարողի հանդեպ, այդ թվում՝ դեղատներ, սուպերմակետների խոշոր ցանցերի մասնաճյուղեր, խմիչքի արտադրություններ, խանութներ, տեխնիկայի վաճառք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։
Սահմանափակման ենթարկված տնտեսվարողների մոտ ՀՀ պարետի որոշմամբ հաստատված նորերի խախտումներ են արձանագրվել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների լայնածավալ մշտադիտարկման արդյունքում։ Մշտադիտարկումների համար հիմք են ընդունվել նաեւ ՀՀ ԱԱՏՄ թեժ գծող, ֆեյսբուքյան էջով և առցանց ստացված զանգերն ու բողոքները։
Եւս երեք տասնյակի տնտեսվարողի գործունեություն կասեցվել էր նախօրեին։
ԱԱՏՄ ղեկավարի հանձնարարականով՝ տեսչական մարմնի ուժեղացված վերահսկողական աշխատանքների ընթացքում խստորեն դիտարկվում է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հաստատված անվտանգության նորմերի պահպանումը տնտեսվարողների կողմից։
Խախտումները ներկայացվել են պարետին։ Կասեցման որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թ․ մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թ․ մայիսի 5-ի N 1308-Ա, N 1317-Ա, N 1325-Ա, 1330-Ա, N 1333-Ա, N 1346-Ա 2020 թ․ մայիսի 6-ի N 1351-Ա, N 1352-Ա, 2020 թ․ մայիսի 7-ի N 1358-Ա հրամանների հիման վրա 2020 թ․ մայիսի 5-ին, 6-ին և 7-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները։
Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին է վերապահված ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։ Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին է վերապահված ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Հարակից հրապարակումներ`
- Պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ
- ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Երևանի և Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը