WWF. Հետաքրքիր փաստ Ենոքավանի ընձառյուծի անցած ճանապարհի մասին
Տավուշի մարզի Ենոքավան գյուղի տարածքում օրեր առաջ WWF Հայաստանի տեսախցիկներն ընձառյուծ էին նկարահանել։ Հիմնադրամը հետաքրքիր փաստ է հրապարակել կենդանու անցած ճանապարհի մասին՝ հիմնվելով ուսումնասիրությունների վրա։
«WWF-ի փորձագետներն ընձառյուծի նախշերը համեմատել են վերջին տարիներին Հայաստանում լուսանկարված մյուս ընձառյուծների հետ: Պարզվել է, որ նույն կենդանին նկարվել է նաև FPWC-ի տեսախցիկներով 2018-2019 թվականներին Արարատի և Վայոց ձորի մարզերում:
Մեր ընձառյուծը սիրում է ճամփորդել։ Ենթադրաբար, նա, 2019-ի աշնանը հատելով երկրի կեսը, հարավային Հայաստանից եկել հասել է Իջևանի լեռներ»,-նշում են հիմնադրամից։
Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 19-ին, լուրեր էին տարածվել, որ Ենոքավանի բնակիչներից մեկի վրա ընձառյուծ է հարձակվել: Հետագայում հարձակումից տուժած գյուղացու հագուստից որպես նմուշ վերցված կենդանու մազերի լաբորատոր հետազոտությունը, որը կատարվել էր Գերմանիայում, 99% ճշտությամբ հերքել էր ընձառյուծի հարձակման փաստը: Դաշտային հետազոտությունների արդյունքում նույնպես ընձառյուծի գոյության փաստ չէր հայտնաբերվել։
Վստահելով տուժած Արման Գաբրիելյանին և ականջալուր լինելով նրա պնդումներին, որ իր վրա հարձակված կենդանին այնուամենայնիվ ընձառյուծ է, WWF Հայաստանի մասնագետները շարունակել էին դաշտային հետազոտությունները։ Արդյունքում ընդլայնվել էր տեսախցիկների տեղադրման աշխարհագրությունը։ Հետազոտություններին մեծ աջակցություն են ցուցաբերել հենց ինքը՝ Արման Գաբրիելյանը, Ենոքավանի բնակիչները, ինչպես նաև «Ապագա ռեզորթ» ընկերությունը։
Հետազոտությունները տվել ենիրենց դրական արդյունքը, և տեսախցիկները ֆիքսել են ընձառյուծին։
«Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 50 տարվա դադարից հետո ընձառյուծը վերադարձել է Տավուշի մարզ։ Կենդանուն վերջին անգամ տարածքում տեսել էին 1970-ական թվականներին։ Տավուշը դարձավ թվով չորրորդ մարզը Հայաստանում, որտեղ ընձառյուծ է բնակվում»,-նշում են հիմնադրամից։
Հարակից հրապարակումներ`
- Մի բան է ընձառյուծ նկարել, մեկ այլ բան՝ կենդանուն ապահով պահելը.Մանվելյան
- Տավուշի մարզում ընձառյուծ է նկարվել
- Կովկասյան ընձառյուծ՝ «Արևիկ»-ում
- Ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
- Խիստ պատիժներ՝ կովկասյան ընձառյուծի որսի համար
- Վայոց ձորի «Արփա» լանդշաֆտի տեսուչները Կովկասյան ընձառյուծ են նկարահանել
- 2019 թվականը հռչակվում է կովկասյան ընձառյուծի տարի