2019 թ. ԿԳՄՍ նախարարությունը ստացած դիմում-բողոքների թվով զիջել է միայն դատական համակարգին և ոստիկանությանը
«Օրերս ԱԺ-ում հայտարարվեց, որ ԿԳՄՍ նախարարությունը ունեցել է բավական թվով դիմում-բողոքներ՝ զիջելով միայն դատական համակարգին և ոստիկանությանը»,- խորհրդարանում հայտարարեց պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը և Արման Թաթոյանին խնդրեց մեկնաբանել իր զեկույցում առկա այդ ցուցանիշը:
Օմբուդսմենը հայտարարեց, որ դա իրական թիվ է, բայց ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել են այդ դիմումների բացվածքը և այն համընկել էր այն գոծի հետ, որ եղել է:
«Մենք իրականում ունենք մի քանի հարյուր ստորագրված բողոքներ, որոնք վերաբերում էին Ավշար գյուղի դպրոցի խնդրին»,- նշեց Թաթոյանը և պարզաբանեց, որ այդ բողոքների առաջնային թիրախը դպրոցների ղեկավարությունն է, բաց երկրորդը նախարարությունն է՝ վարչարարության մասով:
Ըստ օմբուդսմենի, բողոքների բովանդակությունն այն է, որ լիազոր նախարարության կողմից ոչ պատշաճ վարչարարություն է տեղի ունեցել:
Լիլիթ Ստեփանյանը հրապարակեց դիմում բողոքների բացվածքը, ըստ որի, 2019 թվականին ԿԳՄՍ նախարարությունը ստացել է 730 բողոք, որից 74-ը բանավոր, 656-ը գրավոր, իսկ վերջիններից 556-ը վերաբերել է Ավշար գյուղի դպրոցի խնդրին: Բերած թվերից պատգամավորը ենթադրեց, որ իրականում ԿԳՄՍ նախարարությունը 2019 թվականին ստացել է 174 դիմում-բողոք:
Արման Թաթոյանը չհամաձայնեց այդ դատողության հետ. «Որովհետև յուրաքանչյուր բողոքի հետևում կանգնած է կոնկրետ մարդ: Այլ հարց է, որ դրանք միգուցե վերաբերում են խնդիրների մի համախմբի, բայց նորից եմ ուզում ասել՝ յուրքանչյուր դիմում իր խնդիրն ունի»: