Ի՞նչ է նշանակում, որ ես պատճառին չեմ անդրադարձել. Թաթոյանը՝ Աբրահամյանին
«Ուզում եմ արձանագրենք, որ ՄԻՊ ստացված բողոքների թվի աճը չի նշանակում, թե երկրում սկսել են մարդու իրավունքներն ավելի շատ խախտվել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ դիմելով ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին։
Պատգամավորը շեշտեց, որ պաշտպանի գրասենյակի աշխատանքներում մեկ խնդիր է տեսնում, այն, որ ատելության խոսքի գեներացման մասին խոսելիս միշտ պատճառահետևանքային շղթայում ուշադրության կենտրոնում է պահվել հետևանքը, սակայն այս դեպքում պատճառը ևս չափազանց կարևոր է։
«Այն, որ ՀԿ-ները ամիսներով ուղղակիորեն վերբալ հայհոյանքների և բռնության ներքո էին, դուք դրանց չէիք արձանագրում, նույն ՀԿ-ների ուսուցիչները, ովքեր մարզերում կամավոր հիմունքներով հայոց լեզու և մաթեմատիկա էին դասավանդում, էլի վերբալ բռնության արժանացան, դուք դրան չարձագանքեցիք, բայց արձագանքեցիք, երբ այդ նույն խմբակի նկատմամբ որևէ գործողություն իրականացվեց։ Սա ինձ համար ցավալի արձանագրում է»,- ասաց Գ. Աբրահամյանը։
Պատասխանելով պատգամավորի դիտարկմանը՝ Ա. Թաթոյանն ասաց, որ բողոքների թվի աճի մասին խոսելիս ինքը պարզապես փաստն է ֆիքսում՝ առանց ասելու՝ դա կապվա՞ծ է 2018 թվականի հեղափոխության հետ, թե՞՝ ոչ։
«Ինչ վերաբերում է Ձեր մյուս դիտարկմանը, թույլ տվեք չհամաձայնել, քանի որ չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում, որ ես պատճառին չեմ անդրադարձել, ես կարծում եմ՝ միշտ եմ անդրադառնում պատճառին, կարող է մեկ կամ երկու հայտարարության պատճառ չհնչի՝ այդ հայտարարության էությունից ելնելով։ Իսկ Ձեր նշած դեպքով ինքս հայտարարություն տարածել եմ և հատուկ ուզում եմ նշել, որ երկու դեպքում էլ մեծ հանրային ճնշում կա։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանը զգայում է նաև հանրային արձագանքների նկատմամբ։ ՄԻՊ առաջնային գործառույթներն են հանդուրժողականության և համերաշխության մթնոլորտ ստեղծելը, բայց մասնավոր անձանց հետ կապված պաշտպանը չի կարող մեղադրական ոճով խոսել»,- շեշտեց Ա. Թաթոյանը։
Նա վստահեցրեց, որ մշտապես արձանագրել է այդ խնդիրները, հիմա էլ է արձանագրում, որ այդ ժամանակ եղել են և՛ վիրավորանքի, և՛ ատելության խոսքեր։
«Բայց ուզում եմ նաև նշել, որ ՄԻՊ աշխատանքը կենտրոնացած է նաև այդ առումով, թե ինչպես են պետական մարմինները վերահսկել այս կամ այն իրադարձությունը»,- մեկնաբանեց Ա. Թաթոյանը։
Գ. Աբրահամյանն էլ ասաց, որ այնուամենայնիվ, խոսքը մասնավոր անձանց մասին չէ, այլ ողջ քաղաքացիական հասարակության դեմ ուղղված երկարատև, հստակ ատելության խոսքի տարածման մասին։
Ա. Թաթոյանը կրկին չհամաձայնեց պատգամավորի հետ, ասելով, որ ինքը հայտարարություն տարածել է նշված հարցի հետ կապված և մատնանշել եղած բոլոր խնդիրները։
«ՄԻՊ ցանկացած հայտարարություն նաև նպատակ է հետապնդում կանխարգելիչ ազդեցություն ունենալու։ Հիմա եթե դեպքը տեղի է ունեցել, մենք հայտարարություն ենք տարածում՝ նաև երևույթին գնահատական տալով»,-եզրափակեց խոսքը Ա. Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արման Թաթոյան. Մարդու ընտանեկան ողբերգությունը օգտագործելով լայքեր հավաքելն անթույլատրելի է
- Գործատուն թելադրողի դերում է հանդես գալիս, և դրանից օգտվելով չարաշահումներ է իրականացնում. Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան