Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը մանդատները վայր կդնեն մի պայմանով. Մակունց
«Մենք արդեն դատապարտել ենք այն, որ իշխանական խմբակցությունը տրվել է սադրանքի, ինչպես նաև նշել ենք, որ անկախ սադրանքից, մենք իրավունք չունեինք մտնելու այդ դաշտ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ուրբաթ օրը Սասունի Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ ծեծկռտուքին։
Նրա խոսքով, միևնույն ժամանակ իրենք դատապարտում են մարդու արժանապատվությունը հետևողական կերպով ոտնահարելն ու ամիսներ շարունակ կոնֆլիկտներ հրահրելը։
«Մենք այսօր ունենք իրավիճակ, երբ ԱԺ պատգամավորի եղբայրը շարունակում է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու մշակույթը մեկ այլ պատգամավորի մոր հասցեին։ Ինչ վերաբերում է այն օրվա միջադեպին. ինչո՞ւ Էդմոն Մարուքյանը ոտքով հարվածեց իրեն ապտակած Սասուն Միքայելյանին, երբ վերջինիս ԲՀԿ-ական պատգամավորները պահել էին, և Է. Մարուքյանն ինքնապաշտպանվելու կարիք չուներ։ Ինչպե՞ս կարող է բռնությանը դեմ պատգամավորը ինքնապաշտպանության կարիք չունենալու պարագայում հարձակում գործել և ոտքով հարվածել»,- շեշտեց Լ. Մակունցը։
Նա վստահեցրեց, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ։
«Վերահաստատելով, որ կոնֆլիկտն ունի 2 կողմ՝ մենք գտնում ենք՝ այո, այս ամենը հարթելու և թույլ չտալու համար, որ հետագայում նման միջադեպեր կրկնվեն, թույլ չտալու համար այնպիսի մթնոլորտի գեներացում, որն անում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս իր ղեկավարի, այս ամենը պետք է ունենա քաղաքական հետևանք։ Եվ այդ հետևանքի մասին այսօր այստեղից հայտարարություն արեց Սասուն Միքայելյանը։ Նա պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր դնի նաև Էդմոն Մարուքյանը։ Ավելին, իրենց մանդատները պատրաստ են վայր դնել պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը, մի պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը։ Սա է մեր դիրքորոշումը, սա է արդարացումը և քաղաքական հետևանքը։ Սպասում ենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատասխանին»,- եզրափակեց խոսքը Լ. Մակունցը։
Հարակից հրապարակումներ`
- Եթե էդքան տղա է ինքը, թող մանդատը վայր դնի, ես էլ եմ դնելու. Միքայելյանը՝ Մարուքյանի մասին
- Մարուքյան. Ամբողջ ծեծկռտուքի ժամանակ դահլիճում է եղել վարչապետը, ինչի՞ն էր սպասում
- Մարուքյանին հետևից գլխին հարվածեցին Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան