Անդրանիկ Քոչարյան. ՊԲ սպայակազմն իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ
Ինչո՞ւ կարճ տևեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ նիստը։ Դահլիճից դուրս եկած ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանին լրագրողներն առաջինն այս հարցը ուղղեցին։
«Կարեն Կարապետյանը պաշտոնավարել է 2016 թ. հոկտեմբերից։ Նրան տրվել են հարցեր, որոնք առնչվել են սպառազինությանն ու թիկունքային ծառայությանը վերաբերող իր հայտարարություններին։ Հարցերի մի ամբողջ փաթեթ տրվել են, թե ինչ աշխատանքներ են արվել իր վարչապետության ժամանակ։ Եթե այդ աշխատանքներն իրականացվեին, ապա այսօր քննիչ հանձնաժողովի կարիք չէր լինեի»,-ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով, իրենք հետաքրքրվել են, թե ինչու Հովիկ Աբրահամյանին հաջորդող կառավարությունն այդ հարցերը չի դարձրել առաջնահերթություն, ստացել են պատասխանները։
«Կարեն Կարապետյանը պատասխանել է մեր հնչեցրած բոլոր հարցերին»,-ասաց հանձնաժողովի նախագահը։
Հարցին, թե պնդե՞ց նա իր հայտարարությունը, որ զինտեխնիկայի վառելիքն վատորակ է եղել, Քոչարյանը պատասխանեց.
«Պարոն Կարապետյանը հանձնաժողվի փակ նիստում տվեց հարցի պատասխանը»։
Նա հիշեցրեց, որ իրենք բացի այս կամ այն պաշտոնյաների, զինվորականների պատասխաններից, ունեն ուսումնասիրություններ։
Նա ընդգծեց, որ պաշտպանության բանակի սպայակազմն իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ, ինչքան որ կարողացել է։
«Բայց, դրա հետ մեկտեղ, հանձնաժողովը պետք է տա եզրակացություն, որը ներառի նաև ձեզ մտահոգող հարցերի պատասխանները, հիմա դուք ուզում եք մանրամասներ, ես դա չեմ ասի ձեզ»,-ասաց հանձնաժողովի նախագահը՝ անպատասխան թողնելով վառելիքի մասին հարցը։
Նա նշեց, որ հաջորդը հանձնաժողով է հրավիրվել է ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հովիկ Աբրահամյանին հրավիրելու մասով դեռ հստակ որոշում չունեն։