Գերմանիայում բողոքի ցույցեր են՝ սահմանափակումների, պատվաստումների դեմ
Գերմանիայի մի շարք քաղաքներում շաբաթավերջին տեղի էին ունենում բողոքի ցույցեր կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ, պատվաստումների դեմ։ Բողոքի ցույցերի արդյունքում կան տասնյակ ձերբակալվածներ: Չնայած Գերմանիայի իշխանություններն արդեն սկսել են թուլացնել սահմանափակումները, ինչը հանգեցրել է երկրում վարակի աճին, ցուցարարները պահանջում են սահմանափակումների ամբողջական վերացում։
Հազարավոր մարդիկ փողոցներ էին դուրս եկել Բեռլինում, Ֆրանկֆուրտում, Մյունխենում, Շտուտգարտում, Նյուրնբերգում՝ հիմնականում չպահելով սահմանված սոցիալական հեռավորությունը։ Բեռլինում ձերբակալվել է 30 մարդ։ Իշխանությունները նշում են, որ ակցիայի մասնակիցները շշեր էին նետում ոստիկանության ուղղությամբ։ Ակցիաներին միացել են նաև աջակողմյան խմբերն ու վարակի հետ կապված «դավադրության տեսությունները» պաշտպանողները։ Այս մասին գրում է BBC-ն։
Նյուրնբերգում բողոքի ցույցի էին դուրս եկել նաև պատվաստումների դեմ պայքարողները՝ «Պարտադիր պատվաստումը մարմնական վնաս է», «Իմ մարմինը, իմ որոշումը», «Ես եմ որոշում կայացնում իմ մարմնի հետ կապված, այլ ոչ թե Բիլ Գեյթսը» ցուցապաստառներով։ Շաբաթ օրը քաղաքի Սուրբ Լավրենտիոս կաֆեդրալի դիմաց հավաքված բազմությունը, որը, ոստիկանության տվյալներով եղել է մոտ 2000, ունեցել է տարբեր սոցիալ-քաղաքական ուղղվածություն, այդ թվում նաև ծայրահեղականները։
Նշվում է, որ իշխանությունների կողմից արտոնվել է 2 փոքր ցույց՝ մի քանի տասնյակ մասնակիցների մասնակցությամբ, սակայն փողոց են դուրս եկել հազարավոր մարդիկ, որի արդյունքում հնարավոր չի եղել պահպանել սոցիալական տարածությունը, մարդիկ եղել են առանց դիմակների։
Ոստիկանությունը, ինչպես գրում է nordbayern-ը, միջամտել է՝ «ցուցարարների ագրեսիվ պահվածքի պատճառով», ու նախազգուշացրել, որ վայրը կարող է օգտագործվել կարճ ժամանակ, որից հետո ցուցարարների մի մասը հեռացել է, իրավիճակը հանդարտվել է։ Ձերբակալվել է նաև ցույցի նախաձեռնող 34-ամյա երիտասարդը։