Հանքարդյունաբերության ոլորտի օրինականությունը ԱԺ քննիչ հանձնաժողովը ևս 3 ամիս կուսումնասիրի
«Առաջարկում ենք քննիչ հանձնաժողովի լիազորորությունների ժամկետը երեք ամսով երկարաձգել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ ներկայացնելով «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված և նրանց կողմից ընդունված ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունն ու արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության ընթացքում հանձնաժողովի աշխատանքները տուժել են և ստացված փաստաթղթերի ուսումնասիրությունն ամբողջությամբ չի կատարվել։
«Կարծում ենք, որ երեք ամիսը բավարար է, որպեսզի մենք կարողանանք անհրաժեշտ եզրակացություն ներկայացնել խորհրդարանին։ Հանձնաժողովի աշխատանքները երկարաձգելու համար հիմք է նաև այն, որ մենք սպասում ենք մի շարք նամակների պատասխանների»,- տեղեկացրեց Ս. Բագրատյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ հանձնաժողովը որոշակի աշխատանք կատարել է, սակայն ինքը աշխատանքի տեմպից գոհ չէ։
«Ինձ մոտ երբեմն այնպիսի տպավորություն է, որ մենք ավելի շատ կենտրոնացած ենք ոչ թե ընդհանուր հանքարդյունաբերության ոլորտի, այլ առանձին ընկերությունների վրա։ Ես ինքս որոշակի հարցեր հնչեցրել եմ, և առաջիկա երեք ամիսը կօգտագործեմ այդ հարցերի պատասխաններն ավելի ինտենսիվ ստանալու ուղղությամբ։ Մեր վերջնական եզրակացությունները պետք է մաքսիմալ զերծ լինեն էմոցիաներից, և հիմնված լինեն ռեալ փաստերի վրա»,- շեշտեց Բ. Թունյանը։
Ս. Բագրատյանն էլ արձագանքեց, որ Բ. Թունյանի խոսքի ենթատեքսը հասկանալով՝ ուզում է շեշտել, որ հանձնաժողովում իշխանական պատգամավորները կարող են քննարկել հարցերի ողջ շրջանակը, կան բաժանված խմբեր, և որոշված է, թե որ պատգամավորները որ ընկերությունների տվյալներն են դիտարկում, և որևէ մեկը կաշկանդված չէ ցանկացած ընկերության գործունեությունն ուսումնասիրելու հարցում։
«Կոնկրետ ես կարևորում եմ հանրային հնչեղություն ունեցող հանքարդյունաբերության ուսումնասիրությանը։ Եվ, պարոն Թունյան, երբ նշում եք, որ փորձագետների պակաս կա, ասեմ Ձեզ, որ իմ հրավիրած փորձագետը 10 հազար էջ ուսումնասիրություն է կատարել, դուք կարող եք ևս մեկ փորձագետ հրավիրել և ևս 30 հազար էջ ներգրավվել ուսումնասիրության մեջ»,- ասաց Ս. Բագրատյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հանքարդյունաբերողների իրական սեփականատերերի հայտարարագրման համակարգում թերություններ կան.Բադասյան
- Հանքարդյունաբերություն. Վնասնե՞ր, թե՞ օգուտներ