Վիվա-ՄՏՍ. Տարիների գործընկերները մարզերում դարձյալ տուն կկառուցեն
Համավարակով պայմանավորված` Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը» փոքր-ինչ փոխել են աշխատելու մեթոդները. քննարկումներն ընթանում են հեռավար, ընտանիքներին այցելությունն էլ իրականացվում է որոշակի սահմանափակումներով։ Տարիների գործընկերները, սակայն, պահպանել են աջակցության թիրախն ու նպատակը։
Ընկերությունից տեղեկացնում են, որ ուշադրության կենտրոնում են Հայաստանի բոլոր մարզերը։ Տուն կառուցելու, ընտանիքներին վագոն-տնակներից և անբարենպաստ պայմաններից ազատելու՝ գործընկերների վճռականությունը հաստատուն է։ Ազդարարվել է 2020 թվականի բնակարանաշինության ծրագրի մեկնարկի մասին։
«Դիմում եմ բնակարանաշինության՝ այս տարվա ծրագրում ընդգրկված բոլոր ընտանիքներին։ Չնայած ստեղծված իրավիճակին՝ ձգտել ենք պահպանել սոցիալական ուղղվածության նախագծերը։ Մենք դեռ չենք վերադարձել կյանքի բնական ռիթմին, բայց դա չի խանգարում, որպեսզի իրականացնենք այն, ինչ նախատեսել ենք։ Հիմա դուք գիտակցում եք, որ միասին շինարարական աշխատանքներ իրականացնելը դեռևս հնարավոր չէ, սակայն ուզում եմ, որ չհուսահատվեք և հավատաք, որ այդպիսի հնարավորություն լինելու է։ Մենք ձեր կողքին ենք, և տուն ունենալու՝ տարիների ձեր երազանքն իրականություն է դառնալու։ Դա բոլորիս՝ ձեր, «Հայաստանի Ֆուլեր տնաշիանական կենտրոնի» և մեր ընկերության ձգտումն է։ Առողջ եղեք, ամուր և հավատով նայեք ապագային»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Արարատի մարզի Մխչյան գյուղի մի հատվածում արդեն տան հիմքեր են փորվել։ Մինչև տարեվերջ, տարածքում քարե տուն կկառուցվի։ Նոր բացված հողաշերտի կողքին, տեղադրված է 18 քմ մակերեսը չգերազանցող երկաթյա վագոն-տնակ։ Այն ավելի քան 10 տարի որպես տուն է ծառայում Ասյա Գուլինյանի և նրա որդու ընտանիքի համար։ Վագոն-տնակի անմխիթար վիճակը երևում է անգամ հեռվից։ Իսկ ներսում ավելի տխուր է… Ընտանիքի համար քայքայված երկաթյա կացարանն անտանելի է դարձել հատկապես հիմա, երբ ստիպված են մնալ տանը։ Քարե տուն ունենալու մտքից ուրախություն ապրող Ասյան անհամբեր սպասում է երազանքի իրականացմանը։ Դա կարևոր է հատկապես թոռնուհու առողջ մանկության համար։ Փոքրիկի լույս աշխարհ գալուն հաշված օրեր են մնացել։
«Վերջապես մեր տան վրա լույս բացվեց։ Մենք շատ ծանր օրեր ենք ապրել վագոնում։ Երազել ու ձգտել ենք տուն ունենալ, սակայն դա մեզ չի հաջողվել։ Ուրախ եմ, որ վերջապես կազատվենք դաժան պայմաններից։ Տան փոքրիկն էլ կմեծանա առողջ ու նորմալ պատերի մեջ»,-ասել է Ասյա Գուլինյանը։
«Համաճարակի հետ կապված, հանրապետությունում տիրող իրավիճակն իհարկե անդրադարձել է շինարարական աշխատանքների տեմպի վրա, սակայն դրանք չեն դադարել: Քանի որ մեր ընտանիքներն իրենք են տան կառուցապատողը, նույնիսկ այս օրերին, նրանք աշխատել են, հիմքեր են փորել, քարը քարին են դրել՝ լավատեսությամբ ու դժվարությունները հաղթահարելու կամքով լի: Այս տարի, Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ևս 37 ընտանիքի համար կլուծվի բնակարանի խնդիրը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրի համար Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել է 91 մլն դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ-ը վերաբացել է իր սպասարկման կենտրոնները Երևանում ու մարզերում
- Վիվա-ՄՏՍ. #Մնատանը, իսկ աստղերը քեզ հյուր կգան
- Ակտիվացրեք Վիվա-ՄՏՍ-ի «X», «Y», «Z» սակագնային պլանների փաթեթները՝ վճարելով հետո
- Վիվա-ՄՏՍ-ը վերաբացել է սպասարկման կենտրոններ Երևանում ու բոլոր մարզերում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան