ՀՀ նախկին նախագահ Քոչարյանի պաշտպանական թիմը 14 բողոք է ներկայացրել ՄԻԵԴ. փաստաբան
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը 14 բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը:
Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Քոչարյանի փաստաբանները պահանջում են նրան ազատ արձակել կալանքից: Ավելի վաղ նախկին նախագահի պաշտպանությունը դատական հայց էր ներկայացրել վարչական և քաղաքացիական դատարաններ՝ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում նրան նախնական կալանքի կենտրոնում պահելու հետ կապված, որում պատասխանող կողմ է հանդես գալիս արդարադատության նախարարությունը։
Փաստաբանները հայտարարում են, որ Քոչարյանը կորոնավիրուսային վարակի տարածման պայմաններում գտնվում է ռիսկային խմբում․ նա 60 տարեկանից մեծ է, ունի առողջական խնդիրներ, բայց շարունակում է մնալ բանտում՝ չնայած քրեակատարողական հիմնարկներում COVID-19- ի դեպքերի հաստատված լինելուն:
«Ներկա պահին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը 14 բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, դրանցից 10-ը գրանցվել է, իսկ մյուսների հետ կապված տեղեկություններ չկան», - ասել է Ալումյանը:
Նշվում է, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Քոչարյանին՝ սահմանադրական կարգը տապալելու համար՝ 2008 թվականի մարտի 1-ին բողոքի ցույցերը ցրելու վերաբերյալ քրեական գործի շրջանակներում: Քոչարյանը մեղադրանքները համարում է շինծու քաղաքական հետապնդում: Գործով անցնում են նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան