«Հրապարակ». Արայիկ Հարությունյանի հիմնական գործընկերը կդառնա Սամվել Բաբայանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին «դեսանտ» են իջեցրել Արցախ, որտեղ ապագա կառավարության հարցն է որոշվում։ Այժմ Արայիկ Հարությունյանը բանակցություններ է վարում տարբեր ուժերի հետ։
Գրիգորյանը մայիսի 11-12-ին աշխատանքային այցով կլինի Արցախում, հետո՝ մինչև մայիսի 19-ը, արձակուրդում, որը, ըստ ամենայնի, կանցկացնի հայրենի Արցախում և «օնլայն» ռեժիմով ՀՀ ղեկավարին կզեկուցի անցուդարձի մասին։ Հիշեցնենք, որ թեժ պայքար է գնում Արցախի արտգործնախարարի պաշտոնի համար։
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն է հավակնում, բայց գլխավոր թեկնածուն ընտրություններին Հարությունյանի հիմնական մրցակից, ՀՀ իշխանությունների թեկնածու Մասիս Մայիլյանն է։ Նա այլևս Հարությունյանի քաղաքական հակառակորդը չէ, մի քանի ջերմ հանդիպում է կայացել, ու ՀՀ աջակցության շնորհիվ կարծես թե նա էլ կդառնա նախարար։
Իսկ ՀՅԴ-ն ու Ղուլյանի կուսակցությունն իշխանական դաշտից կտեղափոխվեն ընդդիմություն, որտեղ իր կայուն տեղն ունի Վիտալի Բալասանյանը՝ իր 1 մանդատով։
Արայիկ Հարությունյանի հիմնական գործընկերը կդառնա Սամվել Բաբայանը, քանի որ նորընտիր նախագահը չունի մանդատների հսկիչ փաթեթը՝ միանձնյա կառավարություն կազմելու համար։
Նախագահը կերդվի մայիսի 21-ին, հունիսին կձևավորվի կառավարությունը, որտեղ, հավանաբար, չեն լինի Փաշինյանին քննադատած ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանը և ոստիկանապետ Լևոն Մնացականյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում