Մարուքյանը, Միքայելյանի ու Սուքիասյանի գույքը, վիզ կտրողներին կոչն ու թոթի օղին
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանի հետ Արցախում են, մի շարք հանդիպումներ են ունեցել իշխանության, ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
Եթերում նա, մասնավորապես,ադրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանին, Սասուն Միքայելյանին իր կողմից հայհոյելուն, ինչպես նաև խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ երեկ ԱԺ-ում մանդատները վայր դնելու վերաբերյալ հայտարարություններին։
«Պետք է ասեմ, պարոն Սիմոնյան, այն, ինչ Ձեզ ասել եմ, հենց Ձեզ է վերաբերում, քանի որ Ձեր քաղաքական վաստակն անբարոյականությամբ եք վաստակել։ Այն, ինչ ասել եմ, Ձեզ է ուղղված, ուղղված է Ձեր անբարոյական քաղաքականությանը, Ձեր հորն ու մորը, Ձեր սրբությունները մի խառնեք, ես սրբություններ հարգող մարդ եմ»,- նշել է Մարուքյանը՝ ավելացնելով, որ պատրաստ է Ալեն Սիմոնյանի մոր ձեռքը համբուրել, հոր գերեզմանին ծաղիկներ դնել։
Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանին, ով արձագանքել էր Էդմոն Մարուքյանի եղբոր խոսքերին, ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց. «Սասուն ջան, պարոն Միքայելյան ջան, իմ եղբայրը Ձեր մորը, Ձեր սրբությանը չի կպել։ Իմ եղբայրն այո, վատ բաներ է ասել էն մարդու մասին, ով իմ վիզը կկտրի։ Եթե Դուք իմ վիզը կտրողը չեք, ինչի՞ եք Ձեզ վրա վերցրել»։
Մարուքյանը հորդորեց առաջ չմղել իրենց սրբությունները, չսպառնալ ԵԿՄ ազատամարտիկներով։
«Ախր պարոն Միքայելյան, գիտեք, ում հետ գործ ունեք, գիտեք, որ մի հատ խփեք, 67 հատ ստանալու եք։ Ի՞նչ եք ամբիոնից խոսում։ Ապօրինի գույք եք շահարկում, մի հատ գնացեք Հրազդան քաղաքում Ձեր ապօրինի գույքը հայտարարագրեք, հիմքերը ներկայացրեք իրավապահ մարմիններին, նոր կխոսանք։ Հա, մոռացա Ալեն Սիմոնյանին ասել, մի հատ Խաչատուր Սուքիասյանի գույքն էլ պիտի ստուգվի, ծայրից ծայր»։
Անդրադառնալով պատգամավորական մանդատները վայր դնելու մասին Լիլիթ Մակունցի առաջարկներին՝ Մարուքյանն ասաց.
«Եվ տիկին Մակունցը, և Սասուն Միքայելյանը խոսել են մեր մանդատների մասին։ Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը Ձեզ խնդրել է, որ մի ձև գտնեք, մեր մանդատները դնենք։ Որ մեր Նիկոլին տեսնեք...., ասեք, էլ ուրիշ ձև չգիտե՞ս, Նիկոլ։ Էդ վերջին ընդդիմախոսներին ես ուզում վերացնել։ Մեր մանդատաները ինչի՞ դնենք։ Այ Սասուն Միքյաելյանը պետք է վայր դնի մանդատը, որովհետև նա քաղաքականության հետ կապ չունի, նա որ խոսում է, մարդիկ ըսկի չեն հասկանում, թե ինչ է ասում»։
Նա նշեց, որ վերջին անգամ հայ մարդու վիզ կտրել են Բուդապեշտում ու Թալիշում։
«Այ, վիզ կտրողներ, ո՞ւր եք, եկեք, վիզս կտրեք։ Հը։ Ամաչում եմ ձեր փոխարեն, այ հաց ուրացողներ, այ ճանապարհ անցած ուրացածներ։ Մանդա՞տ եք ուզում, մանդատ չեք ստանա, մենք բռնության զոհն ենք, դուք՝ բռնության հեղինակը։ Հանդարտվեք»,- նշեց նա։
Ի դեպ, Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան խոսքից հետո շատ օգտատերերի մոտ տպավորություն ու կարծիք է, որ նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Այդ առումով բազմաթիվ մարդիկ կատակներ են տարածել Արցախի թոթի օղիի մասին։