Յանիք Քալանթարյանը նշանակվել է Բելգիայում Վրաստանի պատվավոր հյուպատոս
Հայ համայնքին լավ հայտնի, բելգիացի ձեռնարկատեր Յանիք Քալանթարյանը, որը նաև Բելգիա-Հայաստան առևտրային պալատի (BACC) փոխնախագահն է, նշանակվել է Բելգիայում Վրաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս: Այս մասին գրում է Nouvell d’Armenie-ն։
Յանիք Քալանթարյանի առաջադրումը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարին, իսկ նշանակումը՝ ապրիլի 1-ին, սակայն այն պաշտոնապես կկայանա ընդունելության ժամանակ, երբ կորոնավիրուսով պայմանավորված Բելգիայի առողջապահական իրավիճակը բարենպաստ լինի:
Քալանթարյանը սերում է հայ մեծ ընտանիքից (Քալանթարյան- Զարգարյան): Նրա տատերն ու պապերը XX-րդ դարի սկզբին տեղափոխվել էին Թբիլիսի, որը ստիպված են եղել լքել Ռուսական հեղափոխությունից հետո: Ընտանիքը միշտ կապ ու սերտ հարաբերություններ է պահպանել Վրաստանի հետ։
Ընտանիքին պատկանած ու ճարտարապետ Գևորգ Սարգսյանի կողմից կառուցված տունը, որը գտնվում է Թբիլիսիի հայկական թաղամասի հարևանությամբ, ընդգրկված է երկրի պետական ժառանգության ցանկում։
Յանիք Քալանթարյանը (ձախից)՝ այն ժամանակ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ (մեջտեղում)՝ Ծիծեռնակաբերդում