ԱՄՆ գլխավոր համաճարակաբանը Սենատում խոսել է Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի մասին
Երեքշաբթի օրը ԱՄՆ Սենատի առողջապահության, կրթության, աշխատանքի և կենսաթոշակների հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ, որին հեռավար ռեժիմով մասնակցեց ԱՄՆ-ի գլխավոր համաճարակաբան, դոկտոր Էնթոնի Ֆաուչին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Բացի նրանից, լսումներին նույն կերպ մասնակցում էին նաև այլ պաշտոնատար անձինք՝ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Ռոբերտ Ռեթֆիլդը, Սննդի ու դեղորայքի վերահսկողության վարչության ղեկավար Ստեֆան Հանը և առողջապահության փոխնախարար Բրեթ Ջիուարը: Կորոնավիրուսի համավարակին նվիրված լսումները հեռավար կարգով Թենեսիի իր տնից առցանց նախագահում էր այնտեղ ինքնամեկուսացած հանրապետական սենատոր Լամար Ալեքսանդրը:
«Թեստավորումամբ է պայմանավորված նորմալ կրթական և աշխատանքային կյանքին վերադառնալու հավանականությունը: Տպավորիչ է՝ որքան թեստավորում է իրականացրել մեր երկիրն այս ընթացքում, սակայն դա բավարար չէ»,- հայտարարեց իր բացման խոսքում հանրապետական սենատոր Ալեքսանդրը:
Իր հերթին դոկտոր Ֆաուչին հիշեցրեց, որ անհրաժեշտ է համարժեք ախտորոշում`կորոնավիրուսի հետ կապված խնդիրները լուծելու համար: Այս կապակցությամբ նա հիշեցրեց, որ Առողջապահության ազգային ինստիտուտը, որը ներառում է իր ղեկավարած գերատեսչությունը, վերջերս ընդլայնել է ախտորոշման ծրագրերը:
Ըստ նրա, կորոնավիրուսային պատվաստանյութի մշակման գործում մեծ աշխատանք է տարվում գիտնականների կողմից: Այս ուղղությամբ հետազոտությունները արագ տեմպերով առաջ են ընթանում:
«Առկա են պատվաստանյութի առնվազն 8 տեսակներ, որոնք փորձարկվում են կլինիկական պայմաններում: Առողջապահության ազգային ինտիտուտն այս հարցում համագործակցում է շատ դեղագործական ընկերությունների հետ: Ես կներկայացնեմ մեկը, որը միակը չէ, բայց դրա հետազոտման աշխատանքներին մենք շատ ակտիվ ներգրավված ենք: Դա Moderna Therapeutrics ընկերության հետ տարվող աշխատանքն է RNA պատվաստանյութի ուղղությամբ: Եթե հիշում եք հունվարին այս հանձնաժողովում ես ասացի, որ այս աշխատանքները կտևեն մոտ մեկ տարուց մինչև 18 ամիս, եթե հաջողության հասնենք պատվաստանյութի հարցում»,- հայտարարեց Ֆաուչին:
Անդրադառնալով երեխաներին դպրոցներ վերադարձնելու խնդրին՝ Ֆաուչին շեշտեց կորոնավիրուսի թեստավորման մատչելիության ապահովման անհրաժեշտությունը: Երկրի գլխավոր համաճարակաբանը նշում է, որ ժամանակից շուտ վերաբացումը կարող է հանգեցնել հիվանդության կրկնությանը: Նա ընդգծեց, որ մինչ դպրոցների վերսկսումը պատվաստանյութը դժվար թե պատրաստ լինի:
Հիշեցնենք, որ Սպիտակ տունը շարունակում է պնդել, որ նահանգները վերաբացվեն երկու շաբաթների ընթացքում դեպքերի թվի կայուն անկման և շատ թեստավորումներ անցկացնելու պարագայում: Այնուամենայնիվ, այս ուղեցույցները խորհրդատվական բնույթի են, և շատ նահանգներ, որոնք անցյալ շաբաթ սկսեցին մեղմացնել սահմանափակումները, չեն հետևում այդ չափանիշներին:
«Իմ կարծիքը չի փոխվել այս հացրում: Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ իմ մտահոգությունն այն է, որ եթե որոշ քաղաքներ, նահանգներ, տարածքներ բացվեն ժամանակից շուտ ու առանց համապատասխան կարողության արդյունավետ հակազդելու հարցում, ապա կարող ենք ականատես լինել վարակի նոր բռնկմանը, որը կրկին կվերածվի համավարակի, ուստի շատ հստակ եմ իմ ուղերձում՝ հնարավորին չափով հետևեք մշակած ուղեցույցերի պահանջներին, որոնք խորքային են և լավ մշակված», - ասում է Ֆաուչին։
Սա 79 ամյա գլխավոր համաճարակաբան Ֆաուչիի առաջին ելույթն է Կոնգրեսում այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսային համաճարակը հայտարարեց ազգային արտակարգ իրավիճակ մարտի 13-ին: Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը դեմ էր Ֆաուչիի լսումների մասնակցությանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, որը վերահսկում են դեմոկրատները, սակայն նա դեմ չէր Ֆաուչիի ելույթին հանրապետականների վերահսկողության ներքո գտնվող Սենատում:
Հարակից հրապարակումներ`
- Նուբար Աֆեյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման աշխատանքներին
- Նուբար Աֆեյան․ Ժողովուրդը պետք է վարժվի, այլ ոչ թե հաղթահարի կորոնավիրուսը
- Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան