Ադրբեջանում ևս երկու բանկ զրկվել է լիցենզիայից
Ադրբեջանի Կենտրոնական բանկի՝ մայիսի 12-ի որոշմամբ ևս երկու բանկ զրկվել է լիցենզիայից։ Կենտրոնական բանկը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել և լիկվիդացնել «AGBank» և «OAO NBCBank» առևտրային բանկերը։ Այս մասին գրում է regionmonitor-ը։
Նախորդ ամիս այդ բանկերում ժամանակավոր կառավարիչներ էին նշանակվել, բայց բանկերի լիկվիդացիայի մասին այն ժամանակ դեռևս չէր խոսվում։ Սակայն կատարված ստուգումները ցույց են տվել, որ դրանք գտնվում են բարդ ֆինանսական վիճակում և ի վիճակի չեն մարելու իրենց ֆինանսական պարտավորությունները։
Ավելի վաղ՝ ապրիլի վերջին, Ադրբեջանում փակվել էին նաև «Atabank» և «Amrah Bank» առաջատար բանկերը։ Դրանցում կատարված ստւգումները ցույց էին տվել, որ նրանք լիովին կորցրել են իրենց կապիտալը և սնանկացել էին։
Հաշվարկների համաձայն՝ նշված չորս բանկերը ընդհանուր առմամբ իրենց հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտք են 680 մլն մանաթ (շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար)։ Հայտնի է, սակայն, որ բանկերում կատարված ներդրումների մեծ մասը ապահովագրված է և առաջիկայում Ադրբեջանի ապահովագրական ֆոնդը կսկսի ներդրողներին հետ վճարել իրենց ապահովագրված գումարները։