Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվել է
Երևանի ընդհանուր իրավասության՝ «Էրեբունի-Նուբարաշենի» նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Գայանե Խաչատրյանի, այսօր՝ մայիսի 13-ին, Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց, քանի որ հայցվոր կողմը ներկա չէր դատական նիստին։
Այս մասին գրում է News.am-ն ու մանրամասնում, որ հայցվոր կողմը չէր ներկայացել երկրում ստեղծված համավարակով պայմանավորված։
Դատարանը նշել է, որ հայցվորի ներկայությունը կարևոր է նաև այնքանով, որ այսօր նախնական դատական նիստն է, և ներկայացուցիչը պետք է ներկայացներ իրավական և փաստական հանգամանքները. «Արդյունավետ է, որ երկու կողմերը ներկա լինեն դատական նիստին»։
Պատասխանող կողմն ասել է, որ նիստը հետաձգելու վերաբերյալ ներկայացված միջնորդությանն ինքը ծանոթ չի, ընդգծել է, որ միջնորդությունը պետք է ուղարկվեր նաև իրեն։
Պատասխանողի ներկայացուցիչն առարկել է դատարանի գործողությունների դեմ՝ նշելով, որ դատական նիստն անիմաստ է հետաձգվում։
Դատարանի որոշմամբ նիստը հետաձգվել է և նշանակվել հունիսի 19-ին, ժամը 11։00-ին։
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։
Վարչապետի Կապանում տված ասուլիսից հետո ՍԴ նախագահը պահանջել էր, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, որը կվկայի, որ ինքն իր ծառայություններն է առաջարկել գործող քաղաքական ուժին։
«Այս պահից սկսած` ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերը հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։ Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»,- հունվարի 25-ին տարածած հայտարարության մեջ նշել էր Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի գործով դատական նիստի օրը հայտնի է
- Հրայր Թովմասյանն ընդդեմ Փաշինյանի գործը կքննի դատավոր Խաչատրյանը
- Ամրամ Մակինյան. Հրայր Թովմասյանը խնդրել է մեզ պատրաստել հայցադիմումը