Դուք էս մի տարի է՝ ուզում եք, որ Ձեզ խփեն, պարո՛ն Մարուքյան. նոր բանավեճ Սիմոնյանի և Մարուքյանի միջև
Այսօր՝ մայիսի 13-ին, խորհրդարանական ճեպազրույցներից հետո թեժ բանավեճ սկսվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև։
Ա. Սիմոնյանը պնդում էր, որ 2018 թվականի ապրիլի 16-ին իր դեմ բռնություն է եղել, սակայն Է. Մարուքյանը չի գնացել դեպքի վայր, թեև Ա. Սիմոնյանը «ԵԼՔ» դաշինքի խմբում գրել և օգնություն է խնդրել։
«Ես «ԵԼՔ» դաշինքի խմբում գրել և կոչ եմ արել, որպեսզի դուրս գան փողոց, իսկ էս մարդը (Մարուքյանը, խմբ.) ասում է, որ այդպիսի բան չի եղել»,- ասաց Ա. Սիմոնյանը։
Է. Մարուքյանն էլ հակադարձում էր՝ ասելով, որ Արամ Զավենի Սարգսյանի հետ ինքը գնացել է բռնության վայր.
«Ես գնացել եմ, ինքն ասում է, չես եկել»։
Այնուամենայնիվ, Ա. Սիմոնյանն ասաց, որ ընդունում է Է. Մարուքյանի ներողությունները, և կոչ է անում վերադառնալ ու աշխատել։
Է. Մարուքյանն էլ հարցրեց՝ բա հետևից խփողնե՞րը, որին ի պատասխան Ա. Սիմոնյանն ասաց՝ հետևից ոչ ոք չի խփել Ձեզ։ Արձագանքելով Է. Մարուքյանն կիսաժպիտ ասաց՝ նայեք՝ ում հետ գործ ունեք, տեսանյութը նայել է, ու ասում է՝ ինձ հետևից չեն խփել։
Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց. «Դուք էս մի տարի է՝ ուզում եք, որ Ձեզ խփեն, պարոն Մարուքյան։ Դուք ամեն ինչ անում եք, որ Ձեզ խփեն»։
Ի պատասխան Է. Մարուքյանն ասաց, որ Ա. Սիմոնյանի հետ բանավիճելու ոչինչ չունի. «Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ դու այդպես խոսում ես, որովհետև ինքը չի դատապարտում ձեր վարքը»։
Այս խոսակցությունից հետո Է. Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե որն էր բռնկված բանավեճի պատճառը։ Նրա խոսքով, Ա. Սիմոնյանն ասում է, որ իր նկատմամբ բռնություն է եղել, իսկ Է. Մարուքյանը չի գնացել դեպքի վայր. «Ես գնում եմ իմ ֆեյսբուքյան պատին դնեմ կադրեր, որ մենք գնում ենք դեպի հիվանդանոց, փակվում է ճանապարհը, ապա Փաշինյանի հետ գնում ենք Հրապարակ»։
Հարակից հրապարակումներ`
- «Եթե որևէ ձևով մեր հայտարարությունները նման ձև է որակվել, ապա ես ներողություն եմ խնդրում». Մարուքյան
- Ով ում հետևից խփեց, տակից խփեց, վերևից խփեց՝ խորհրդարանական քննարկման խնդիր չէ. Պետրոսյան
- Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը մանդատները վայր կդնեն մի պայմանով. Մակունց
- ԱԺ-ում միմյանց «քաղաքական տրյապկա» ու «անբարոյականի զավակ» որակեցին