Ռոբերտ Քոչարյանը ազատ չարձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ հրապարակեց ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի միջնորդությունների վերաբերյալ դատական ակտի եզրափակիչ հատվածը։
«Դատարանը որոշեց միջնորդությունները մերժել»,- որոշումից հատված ընթերցեց դատավորը՝ ավելացնելով, որ որոշումը կողմերին կտրամադրվի աշխատանքային մեկ օրվա ընթացքում։
Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում այն ստանալու պահից տասնօրյա ժամկետում։
Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին չէր մասնակցում, նա երեկ առավոտյան վիրահատվել է։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 19-ին ժամը 13-ին։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ներկայացրեց եթե միջնորդություն՝ նախագահի խափանման միջոց կալանքը վերացնելու, գրավով փոխարինելու, խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։
Անձնական երաշխավոր ներկայանալու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Փաստաբան Հայկ Ալումյանը կալանքը վերացնելու միջնորդությունը ներկայացելիս դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսային համավարակի պայմաններում գտնվում է միաժամանակ մի քանի ռիսկային խմբում, իսկ ներկայումս, առողջական խնդիրներով պայմանավորված, բժշկական հսկողության տակ է։
Պաշտպան Արամ Վարդևանյանը ներկայացրել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին միջնորդությունը, որը մուտքագրվել էր դատարան ապրիլի 17-ին։ Գրավի չափը թողնվել է դատարանի հայեցողությանը։ Ա․ Վադևանյանը ներկայացրեց Արդարադատության նախարարության տրամադրած տվյալները, համաձայն որոնց՝ ՔԿՀ-ներում 65 տարեկանից բարձր կա 8 մարդ, իսկ համակցված հիվանդություններով և այդ տարիքի անձանց թիվը 3-ն է։ Նա հիշեցրեց, որ մեկ-երկու տարի առաջ Փարիզում ահաբեկչական գործողություններ են եղել, և այժմ այդ անձանց խափանման միջոցը փոխվել է։
«Մենք վերջին շրջանում մոտեցել ենք իրավական նիհիլիզմի մի շարք դրսևորումների։ Բայց եկեք գոնե իրավական նիհիլիզմի ժխտողականությունից չանցնենք իրավական ցինիզմի»,- նիստում հայտարարեց Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով անցնում են Հհ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան