Ապրիլյան պատերազմի անմահ հերոս Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմի անմահ հերոս, ավագ լեյտենանտ Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 29 տարեկան։ Արգիշտին զոհվեց Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ:
Արգիշտի Գաբոյանը ապրիլի 2-ին ծավալված մարտական գործողությունների ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով դիմագրավել և հետ է շպրտել հակառակորդի գերազանցող ուժերին: Մարտնչել է մինչև վերջին փամփուշտը՝ ոչնչացնելով թշնամու բազմաթիվ գրոհայինների:
Մարտական հերթապահությունն Արգիշտին իրականացրել է Թալիշի դիրքերում: 2016 թվականի ապրիլի 1-ին, ժամը 20:00 -ի սահմաններում կատարվել է հերթափոխ և Արգիշտիի վաշտը տեղափոխվել է մշտական տեղակայման վայր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսված հրետանակոծման ժամանակ գումարտակն իջնում է թաքստոց, ապա տագնապով զինվում և ստանալով համապատասխան հրահանգ սկսում է մարտական գործողությունները, որի արդյունքում հատուկ ջոկատայինների և տանկային ստորաբաժանումների օգնությամբ ազատագրում է հակառակորդի կողմից ժամեր առաջ գրաված դիրքերի մի մասը: Հակառակորդին է մնում «Սիս» հրամանատարական դիտակետը և մի քանի այլ դիրքեր:
Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը Արգիշտին հրաման է ստանում իր ստորաբաժանումով փակել Թալիշ գյուղի ճակատային մասը՝ թույլ չտալու հակառակորդին մտնել գյուղ:
Ապրիլի 3-ի առավոտյան Արգիշտին խրամատներում հանդիպում է հորը, ով ևս իր ստորաբաժանումով տեղափոխվել էր Թալիշ։ Կարճ զրույցից հետո Արգիշտին հրաժեշտ է տալիս հորը և տեղափոխվում 162-րդ դիրք, որը գտնվում էր «Սիս» դիտակետի մոտակայքում: Ապրիլի 3-ի գիշերը 162-րդ դիրքից վաշտը երեք ուղղություններով մարտական գործողություններ է սկսում՝ «Սիս»-ը ազատագրելու համար: Գործողությունների ժամանակ զոհվում են դասակի հրամանատարը և ևս մեկ զինվոր: Վաշտը նահանջի հրաման է ստանում:
Արծվիի Գաբոյանը հետագայում հետևյալն է պատմել որդու հետ վերջին հանդիպման մասին․ «Գիշերը ժամը 4-ին ես անձնակազմով եղա Թալիշում, ժամը 5-ի մոտ տեսնելով Արգիշտի վաշտի տղաներին, հարցրեցի՝ որտե՞ղ է նա: Արգիշտին գիշերը իր շորերն էր լվացել, երբ այդ դեպքերը եղել են, ձմեռային բաճկոնը չէր հագել, թեթև էր հագնված, ըստ երևույթին մրսել էր, իջել էր տուն, որ շոր հագներ: Եկավ, մի պահ ես մեր տղաների հետ զրուցում էի, տեսա, որ մեկը էշելոնից իր անձնակազմին հանում է, մոտեցա, տեսա՝ Արգիշտիս էր: Ինձ տեսավ, ժպտալով ասաց՝ պա՛, էս ինչի՞ ես եկել: Ասի՝ ես չեմ եկել, գումարտակով ենք եկել, ասեց՝ պա, գյուղն ավերեցին. ինքը Թալիշը համարում էր իր երկրորդ հարազատ գյուղը: Հարցրեցի՝ տանը շա՞տ բան է եղել, ինքը Թալիշում վարձով էր ապրում, ասաց՝ ապակիները լրիվ ջարդվել են, ասի՝ պատերազմ է, բա ի՞նչ ես ուզում: Հարցրեցի՝ ապրել հնարավո՞ր է, ասաց՝ հա: Հետո ասաց, որ շտապում է, պիտի գնա դիրքեր, ձախ կողմի վրա դիրքեր կան, որոնք ապրիլի 2-ին վերցրել էին թուրքերը, մեր զինվորները գիշերվա ընթացքում հետ էին վերցրել: Ասեց՝ դե լավ, պա, ես գնացի: Իջավ մի երկու բառ հետը խոսացի, համբուրվեցինք ու գնաց: Հետո հետ դարձավ, ժպտաց, որից հետո թեթև քայլերով գնավ անձնակազմի մոտ: Մենք էլ գնացինք մեր տեղը, մեր խրամատները, այնտեղից նայեցի, անձնակազմին տարավ, ոտքով մտան սարերի արանքը ու տեսադաշտից կորավ» («Առավոտ»):
Ապրիլի 4-ի վաղ առավոտյան Արգիշտի Գաբոյանն իր հետ վերցնելով 6 զինծառայողի՝ հարձակվում է «Սիս» դիտակետի վրա: Մոտ 40 րոպե մարտ վարելուց հետո զինվորներին հրամայում է վերադիրքավորվել և իրեն կրակով ապահովել: Այնուհետև զինվորների՝ իր հետ գնալու առաջարկը մերժելով, Արգիշտին միայնակ բարձրանում է դիրքը:Շուրջ 20 րոպե տևած մարտից հետո հրաձգությունը դադարում է, իսկ միայնակ մարտնչող Արգիշտի Գաբոյանը չի վերադառնում:
Ըստ «Հանուն հայ զինվորի»ՀԿ-ի՝ «Ապրիլի 4-ին սկսվեց ուժեղ հրաձգություն, անհավասար մարտում զոհվեցին Արգիշտիի մարտական ընկերները, նա Զինվորներին հրամայեց կրակով պահել իր թիկունքը, որպեսզի նա դուրս բերի զոհված ընկերների մարմինները: Կրակի դադարից հետո,Արգիշտիին էլ ոչ ոք չտեսավ։ Նա գնաց իր մարտական ընկերների մոտ»:
Ապրիլի 4-ի առավոտյան մարտական գործողություններ են սկսվել, որի ժամանակ զոհվել է դասակի հրամանատար գյումրեցի Հրաչ Գալստյանը: Արգիշտին, իմանալով այս մասին, վեց հոգանոց խումբ է վերցրել ու ուզել է դուրս բերել դասակի հրամանատարի դին: Հայրը՝ Արծվի Գաբոյանը, հեռադիտակով տեսել է սա՝ որդուց գտնվելով երկու կիլոմետր հեռավորության վրա: Անցել է 10 րոպե, սկսվել է ուժեղ հրաձգություն ու դադարել է: Հետո զինվորները Արծվի Գաբոյանին պատմել են, որ լեյնտենանտ Գաբոյանը, իրենց պահելով ավելի ապահով տեղում, հրահանգել է, թե դուք ինձ կրակով պահեք, ես մտնում եմ դիրքեր:
Զինվորները դիրքավորվել են, թուրքերը, զգալով մարդ կա, փորձել են առաջ գալ, զինվորները վերևից խփել են, թշնամին հետ է քաշվել, Արգիշտին այդ ժամանակ եղել է խրամատում ու այդ ընթացքում վազելով՝ բարձրացել է դիրքեր, հրաձգություն է սկսվել, ու նա մինչև վերջին փամփուշտը կրակել է, որից հետո զինվորները չեն տեսել նրան: Նրա մարմինը, հոր ասելով, թշնամին քաշել, տարել է ուրիշ տեղ՝ երկար ժամանակ չտալով: Զինվորները գիշերով երկու անգամ փորձել են դիակները դուրս բերել, սակայն տեսել են, որ լեյտենանտ Գաբոյանի դին չկա: Արգիշտի Գաբոյանի դին հանձնել են ամենավերջում. ադրբեջանական կողմը համոզված է եղել, որ նա կարևոր բարձրաստիճան զինվորական է ու չեն տվել
Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ երկրորդ աստիճանի շքանշանով։
Ապրիլյան պատերազմի հերոսը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից էր: Արգիշտին սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ավարտելուց հետո ծառայության է անցել Թալիշում:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյանի հերոս Անդրանիկ Զոհրաբյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
- Ծնվել է ապրիլյան պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Աղասի Ասատրյանի եղբայրը` Աղասին
- Ապրիլյանի մասնակիցներ. Մենք շարունակելու ենք վառ պահել Ձեր անմահությունը...
- Ապրիլյանի տղաներով՝ Ապրիլյանում զոհվածների հիշատակի համար
- Զինվորի տանը ապրիլյանի հերոս Արմենակ Ուրֆանյանի անունը կրող կենտրոն է բացվել
- Սերունդները թող իմանան՝ ով է այստեղ ծառայել. Ապրիլյանի հերոս Ազատ Սիմոնյանի ծննդյան օրն է
- Աճուրդում վաճառվել է Ապրիլյանի հերոսների կողմից գործված «Տիեզերք» գորգը
- Ապրիլյանի հերոս Վահե Զաքարյանի ծննդյան օրն է
- Ապրիլյանի տղաների քավորությամբ կնքվել են անմահացած հերոսների երեխաները
- Ապրիլյանի մասնակիցների քավորությամբ՝ մկրտություն Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում
- Ապրիլյանի հերոս Հայկ Սեխլիյանը բուժման համար դեռ գումարի կարիք ունի
- Ադրբեջանի՝ երկար տարիներ մտածված ռազմական պլանը հայ զինվորը տապալեց. Ապրիլյանի մասնակիցներ
- Բանակն ու Բանակի տոնը. գնահատում են Ապրիլյանի տղաները
- «Hello, Adam». ապրիլյանի հերոսը մանկական գրականությունում
- ԵՊՀ. Ապրիլյանի մասնակից ուսանողների համար վարձի 50 տոկոս զեղչը կպահպանվի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին