Արթուր Ղազինյան. Արդեն հավատում եմ, որ այս իշխանությունների գործողությունները ծրագրավորված են Հայաստանից դուրս
«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր, իրավաբան Արթուր Ղազինյանը գրում է.
«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հետ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած տհաճ միջադեպը խորը և անբուժելի հետք կթողնի Հայաստանի երիտասարդ պարլամենտարիզմի պատմության մեջ։ Առաջնային մանդատով օժտված միակ մարմինը բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց օրենքով ստեղծված անկախ մարմնի նկատմամբ՝ ցուցադրելով աննախադեպ քաղաքական ցինիզմ։
Գաղտնիք չէ, որ ես վերջին 15 տարիների ընթացքում մարդու իրավունքների և ժողովրդավարության կրթության ոլորտում աշխատել եմ եվրոպական բազմաթիվ կառույցների հետ՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական տարբեր մայրաքաղաքներում։ Երկկողմանի ազատ շփումների ընթացքում միջազգային հայտնի փորձագետները և ոլորտի ղեկավարները հաճախ հիշատակում էին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մասին՝ որպես պրոֆեսիոնալ, ոլորտի գիտակ և առավել հաջողված Մարդու իրավունքների պաշտպան։ Հատկապես շեշտվում էր նրա բարձր հանձնառությունն ու աշխատանքը 2018թ. զանգվածային ցույցերի ընթացքում և իշխանափոխությունից հետո մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորման գործում։
Իշխանության կողմից Թաթոյանի դեմ սանձազերծած արշավը, որը համակարգում էր ԱԺ նախագահը, նպատակ ունի ավիրել և հողին հավասարեցնել Հայաստանում եզակի կայացած ինստիտուտներից մեկը, քանի որ համատարած սակավամտության և քաղաքական ինֆանտիլության պայմաններում որևէ պրոֆեսիոնալի առկայությունը դիտարկվում է որպես շեղում ընդհանուր գծից, իսկ իշխանական համակարգը ձեռնամուխ է լինում այդ խնդրի լուծմանը։
Օրգանական հեղինակությունների և ուղենշային բարձունքների դեմ պայքարը Հայաստանում սկսվել է իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ հերթով իշխանության թիրախում էին հայտնվում արդյունավետ և հարգված մարդիկ, հեղինակություն վայելող կառավարիչները, իրենց կյանքով նշանակալի ձեռքբերումներ և հաջողություններ արձանագրած մարդիկ ու կայացած ինստիտուտները։
Գիտակցաբար և հետևողական կերպով անապատացվում են Հայաստանի իրավական, տնտեսական, կրթական և ակադեմիական, ուժային և իրավապահ համակարգերը։
Արդեն հավատում եմ, որ այս իշխանությունների գործողությունները ծրագրավորված են Հայաստանից դուրս և նրանք ունեն կոնկրետ նպատակ. թուլացնել և կազմաքանդել Հայկական պետականությունը։
Ունեմ այլ կասկածներ այս իշխանության գործողությունների ծրագրավորման կենտրոնի հետ կապված, բայց առայժմ ձեռնպահ կմնամ իմ կարծիքը հայտնելուց։ Միայն կասեմ, որ այդ կենտրոնը Հայաստանին, մեղմ ասած, բարեկամ չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ղազինյան. Հենց վարչապետի թողտվությամբ երկրում կարող է ստեղծվել վտանգավոր նախադեպ
- Ղազինյան. Նիկոլերենից եթե թարգմանենք, դա նշանակում է` իշխանությունն ունի լուրջ և անհաղթահարելի խնդիրներ Ռուսաստանի հետ
- Արթուր Ղազինյան. Հայաստանի երրորդ Հանրապետության մայրամուտը. Կլինի՞ Չորրորդ Հանրապետություն
- Արթուր Ղազինյան. Ժամանակն է գործել որպես իշխանություն