«Ո՛չ, դուք ինչ ուզեք՝ չպիտի բանակցեք». Ավետիք Իշխանյանը՝ Նիկոլ Փաշինյանին. 168.am
168.am-ի «Ռեվյու» ծրագրի հյուրը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն է եղել:
– ՄԻՊ-ն Ազգային ժողովում տարեկան զեկույցն է ներկայացնում: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում մարդու իրավունքների վիճակն այժմ երկրում: Եվ ինչպե՞ս կմեկնաբանեք այսօր ԱԺ-ում իմքայլական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ելույթը՝ ուղղված ՄԻՊ Արման Թաթոյանին, ու վերջինիս պատասխանը:
– Որևէ երկրում մարդու իրավունքների մասին խոսելիս շատ կարևոր է գնահատական տալ այդ երկրի կառուցվածքին, այսինքն՝ ինչպիսի՞ն է դատաիրավական համակարգը, արդյո՞ք այն գտնվում է քաղաքական իշխանության ազդեցության ներքո, թե՞ ոչ: Հայաստանում հեղափոխությունից հետո որևէ կառուցվածքային փոփոխություն չի եղել: Ավելին, եթե նախկին իշխանությունները ձևականորեն պահում էին անմեղության կանխավարկածի դրույթը, հիմա ճնշումներն առավել բացահայտ են դարձել: Հատկանշական է, որ աննախադեպ շատացել են ՄԻՊ-ին ուղղված դիմումները: Ողջունում եմ, որ իր զեկույցում ՄԻՊ-ը նշել է անմեղության կանխավարկածի խախտման մասին…
2018-ից հետո անմեղության կանխվարկածի խախտումը ոչ միայն առաջին դեմքի շուրթերից է ամենօրյա ռեժիմով հնչում, այլև նրան հաճոյացող պատգամավորների, իրավապահ մարմինների և Հանրային հեռուստաընկերության եթերով:
Հայաստանում նախկինում էլ չի եղել ժողովրդավարություն, բայց երբեք չի եղել այդպիսի վախի մթնոլորտ, ինչպիսին հիմա է: Այնպիսի մեխանիզմներ ստեղծեիք, որ այդքան դիմումներ չլինեին ՄԻՊ-ին, իսկ դուք ստեղծել եք ձեր իշխանությունը ամրապնդելու մեխանիզմներ:
– Հիշո՞ւմ եք էլի դեպքեր, երբ ՄԻՊ-ն իր տարեկան զեկույցը ներկայացներ ԱԺ-ում, և նրա հետ նման տոնով խոսեին, ցուցումներ տային:
– Հայաստանում մարդու իրավունքների բոլոր պաշտպանների նկատմամբ, երբ նրանք ինքնուրույնություն են ցուցաբերել, միշտ էլ բացասական վերաբերմունք է եղել: Դա նոր երևույթ չէ: Ես նույնիսկ հիշում եմ այն պատգամավորի անունը, ով ՄԻՊ Կարեն Անդրեասյանի զեկույցի ներկայացման ժամանակ ծաղրեց նրան: Ուզում եմ արձանագրել այն փաստը, որ Հայաստանում ՄԻՊ ինստիտուտը չներմուծվեց ոչ թե գիտակցաբար, այլ ԵԽ պահանջով:
Ինչ վերաբերում է այսօրվա դեպքին, այն փոքր-ինչ տարբերվում է: Այն, որ իշխանությունը երբեք հանդուրժող չի եղել ընդդիմության հանդեպ, փաստ է, բայց այսպիսի անհանդուրժողական վերաբերմունք ցանկացած քննադատության նկատմամբ իշխող ուժի կողմից, անկեղծ ասած, ես չեմ հիշում: Այդ պատգամավորը հավանաբար իրեն ցուցադրելու խնդիր ուներ: Երևի նա փոշմանել է, որ Մարուքյանին խփողներից մեկը չի եղել, և հիմա է ուզում աչքի ընկնել՝ ՄԻՊ-ի վրա հարձակվելով: Եվ ՄԻՊ-ը շատ արժանապատիվ պատասխանեց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: