Պետության պարտավորությունն է՝ հանրակրթության միջոցով երեխաներին սեռական անձեռնմխելիության մասին գիտելիքներ տալը. Կարապետյան
«Մանկապղծության դեմ կոնվենցիայի հոդվածներից մեկը վերաբերում է տարրական և միջին դպրոցներում սեռական կրթությանը»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Նրա խոսքով, կոնվենցիան խրախուսում է երկրներին իրենց կրթական ծրագրերում ունենալ միջոցներ, որոնց օգնությամբ երեխաները՝ իրենց սեռական անձեռնմխելիության նկատմամբ վտանգների և ռիսկերի առաջին ազդանշանները ճանաչելու և ինքնապաշտպանվելու ունակություններ ձեռք կբերեն։
«Սա չի ենթադրում, որ երեխաները տարրական կամ միջին դպրոցներում պետք է սովորեն՝ ինչ է սեռական անձեռնմխելիությունը։ Սրանք դժվար բառեր են և դժվարամարսելի են նաև որոշ չափահասների համար։ Այստեղ խնդիրը երեխայի տարիքին համապատասխանեցված ունակությունների տրամադրումն է, թե ինչպես ճանաչել չափահաս անձանց վարքի մեջ հնարավոր ազդանշանները և հասկանալ, որ իրենց այդ չափահաս անձից վտանգ է սպառնում»,- մեկնաբանեց Մ. Կարապետյանը։
Ըստ նրա, ծնողավարության շատ պարզ օրինակ, երբ երեխային ասում են՝ անծանոթներից կոնֆետ վերցնել չի կարելի, իսկ կոնվենցիան ենթադրում է երեխաներին սովորեցնել՝ ինչպես անկաշկանդ օգնություն խնդրել մեծահասակներից, որպեսզի իրենց սեռական անձեռնմխելիությունը պաշտպանված լինի։
« Դա արվելու է տարրական և միջին դպրոցներում, քանի որ վաղ տարիքում է, որ երեխաներն ավելի խոցելի են։ Իսկ 17-18 տարեկան աղջիկներն ու տղաները կարող են իրենց պաշտպանել։ Խոսքը իրենց սեռական անձեռնխելիության վտանգները ճանաչելու և մեծերից օգնություն խնդրելու մասին ունակությունների տրամադրման մասին է»,- տեղեկացրեց Մ. Կարապետյանը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ կոնվենցիան նշում է՝ այս ունակությունները երեխաներին տալը ծնողների պարտավորությունն է.
«Երբ նայում ենք ահասարսուռ վիճակագրությանը՝ տարեկան մինչև 100 սեռական բնույթի ոտնձգություն է լինում անչափահասների նկատմամբ։ Այո, դրանք հաճախ խոցելի ընտանիքներում են տեղի ունենում, որտեղ ծնողները բավականաչափ հմտություններ և ժամանակ չունեն իրենց երեխաներին գիտելիքներ տրամադրելու համար։ Եվ պետության ու հանրության պարտավորությունն է՝ հանրակրթության միջոցով երեխաներին սեռական դաստիարակության մասին գիտելիքներ տալը»,- եզրափակեց խոսքը Մ. Կարապետյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկ-սեքսոլոգ. Ես ԿՀԱՆԵՄ իմ երեխային դպրոցից
- Երեխաներին «սեռական բռնությունից պաշտպանելու» մասին կոնվենցիան ԱԺ-ում ընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին