Դատախազություն. Պատգամավորին բռնության սպառնալիքներ տված անձը դատախազի ցուցումով ձերբակալվել է
ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Ազգային ժողովի նիստի ավարտից հետո, Արթուր Ալեքսանյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հետապնդել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ, կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, բռնություն գործադրելու սպառնալիք տալու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատախազի ցուցումով Արթուր Ալեքսանյանը ձերբակալվել է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի