ՔԱԳՎ-ն հորդորել է EASA-ին՝ վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթերի սահմանափակման որոշումը
Մայիսի 12-ին առցանց տարբերակով տեղի է ունեցել Եվրոպական անվտանգության թիմի նիստը, որին մասնակցել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» և «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական կրող ընկերությունների ներկայացուցիչները։
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ նիստը տևել է 6 ժամ, որի ընթացքում Կոմիտեի և ավիաընկերությունների կողմից ցուցադրվել են թռիչքային անվտանգության ապահովման հետ կապված շնորհանդեսներ:
«Կոմիտեն համապարփակ կերպով ներկայացրել է ՀՀ-ում թռիչքային անվտանգության ոլորտում իրավիճակը, նշանակալի փոփոխությունները, նախորդ տարվա նոյեմբեր ամսվա լսումներից հետո կատարված հստակ քայլերը և հետագա կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունները։
Նշենք, որ ժամանակավորապես սահմանափակվել էին թվով 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքները)։
Կոմիտեն հորդորել է EASA-ին վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը` հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ:
Հաշվի առնելով խնդրի լրջությունը՝ Կոմիտեն մնում է այն համոզմունքին, որ թռիչքային անվտանգության մակարդակի բարձրացման հետ կապված խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է Եվրամիության, անդամ պետությունների, EASA-ի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի սերտ համագործակցությունը:
Ըստ Եվրոպական Միության գործընկերների հայտարարության՝ վերջնական զեկույցը նախատեսվում է տրամադրել Կոմիտեին այս ամսվա վերջին:
Խորին շնորհակալություն ենք հայտնում ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը, մասնավորապես դեսպան Անդրեա Վիկտորինին՝ առցանց տարբերակով լսումներն ապահովելու, ինչպես նաև բոլոր ավիաընկերություններին` նիստին գործուն մասնակցություն ցուցաբերելու համար»,- հայտնում են կոմիտեից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին