Առողջապահության փոխնախարար. Վերջին օրերին հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակներին կամ աղբյուրը
«Հիվանդանոցում և հատուկ վայրերում ներկայումս կորոնավիրուսով վարակված 2218 անձ բուժվում է, 660 հոգի թոքաբորբ ունի, 66-ը ծանր վիճակում է, 33-ը՝ ծայրահեղ ծանր։ 6 հոգի միացված է արհեսատական շնչառության ապարատին»,- ասուլիսին հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
Հարց- Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ խոսելով կորոնավիրուսի վիճակագրությունից նշել էր, որ, այո, վիրուսի շրջանառությունը չենք վերահսկում, կմանրամանեք, ի՞նչ է նշանակում։
Պատասխան- Եթե մարտին Հայաստանը գտնվում էր առաջին փուլում, ինչը ենթադրում է եզակի դեպքեր կամ միայն բերովի դեպքեր, այնուհետև էպիդեմիան անցավ երկրորդ փուլին, ենթադրում էր կլաստերային հիվանդությունների արձանագրում որոշակի խմբերում՝ ընտանիք, արտադրամասեր, ներկայումս Հայաստանում էպիդեմիան անցել է երրորդ փուլին, որը վերջին փուլն է, բնորոշվում է տարածվածությամբ և իրականացվում է համայնքային փոխանցում։ Այսինքն՝ եթե առաջին օրերին կարողանում էինք հիվանդության ցանկացած դեպք հայտնաբերել, թե վարակի աղբյուրը որտեղից էր եկել, վերջին օրերին, կապված տարածվածության ընդլայնման հետ, հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակներին կամ աղբյուրը, թե անձն ումից է վարակվել։
Համաճարակաբանական առումով նշանակում է, որ հաճախ չհասկանալով կամ հայտնաբերելով վարակի աղբյուրն ով է եղել, հնարավոր չի լինում համաճարակաբանական բոլոր միջոցառումներն իրականացնել արդյունավետ։ Մենք մեր բոլոր ջանքերն ուղղում ենք, որ կարողանանք կառավարել էպիդեմիան։
Հարց- Վերջին շրջանում օրական 100-ից ավելի վարակավածության դեպեքեր ունենք, ինչո՞վ եք սա պայմանավորում, արդյո՞ք հասել ենք հիվանդության տարածման պիկին։
Պատասխան- Հիվանդության տարածման պիկի հարցը բոլորին է տանջում։ Ոչ միայն մեր մասնագետներին, մնացած երկրներին էլ։ Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ եթե մի պահ հնարավոր է պիկն անցել է, հետո լինում են դեպքերի ավելացում։ Որոշակի բնութագրել և ասել, երբ է պիկը անցել կամ չի անցել, դժվար է։ Մեր բոլորի ջանքերն ուղղված են եղել նրան, որ չունենանք այնպիսի նոր դեպքերի թվաքանակ, որն առողջապահական համակարգը չի կարող կառավարել։
Հարց- Ե՞րբ են դիահերձելու կորոնավիրուսից մահացածներին։
Պատասխան- Ցանկացած վարակիչ հիվանդության մահվան դեպքում դիահերձման հատուկ պայմաններ են անհրաժեշտ, որոնց ապահովման դեպքում թույլատրվում է իրականացնել դիահերձումը։ Ներկայումս առողջապահության նախարարության կողմից տարվում են աշխատանքներ ունենալ նման պայմաններով և սարքավորումներով հագեցած դիահերձարան, որի պարագայում արդեն կկարողանանք լիարժեք ասել, որ անվտանգ պայմաններում կարող ենք իրականացնել դիահերձում։
Հարց- Ի՞նչ հիմքով են տարանջատվում կորոնավիրուսից մահացած և ուղեցող հիվանդություն ունեցող մարդիկ կորոնավիրուս ունեցող, բայց այլ հիվանդության պատճառով մահացած մարդկանցից։
Պատասխան- Նման տարանջատման համար մեր բուժաշխատողներն օգտագործում են այն ուղեցույցները, որոնք մշակել են միջազգային գործընկերները, մասնավորապես, ԱՀԿ-ն։ Ես չեմ կարող մանրամասն ներկայացնել, ավելի շատ մասնագետների պարզաբանման հարց է։ Ուղղորդվելով այդ ուղեցույցներով՝ տարաջանտումներ են իրականացվում և դրա հիման վրա էլ ներկայացվում է հաշվարկ։
Հարց- Հայաստանում այս պահին ընդհանուր քանի՞ արհեստական շնչառության սարք կա։
Պատասխան- 100 արհեստական շնչառության սարք ձեռք ենք բերել, գնման գործընթացում են գտնվում 70 սարք։
Ինչպես ասացի, այս պահին 6 հոգի միացված է արհեստական շնչառության սարքին։ Հուսանք՝ թվերի ավելի մեծ աճ չի գրանցվի ու կարիք չի լինի օգտագործել բոլոր պահեստավորված ու ձեռք բերված արհեստական շնչառության սարքերը։
Թվերը բարձրանալու դեպքում մեր ռազմավարությունը փոխելու ենք և արդեն իսկ փոխել ենք։
Ներկայումս մեր ռազմավարությունն այն է, որ կարանտինի համար մեկուսացման հատուկ վայրերը, որոնք հյուրանոցներն էին, փոխելու ենք և այդ վայրերում տեղակայելու ենք այն հիվանդներին, որոնք որևէ կլինիկական սիմպտոմներ չունեն և դրանով փորձելու ենք միաժամանակ զերծ պահել հիվանդներին տուն ուղարկելուց։ Այն պահից սկսած, երբ մենք չենք կարողանա ապահովել իրենց նկատմամբ բժշկական հսկողությունը, նույն այդ հյուրանոցներում նույնպես, անցնելու ենք մյուս ռազմավարությանը և բոլոր թեթև ձևերին թողնելու ենք տանը, և բժշկական հսկողություն ենք սահմանելու նրանց նկատմամբ առողջության առաջինային պահպանման օղակի կողմից։
Հարակից հրապարակումներ`
- Վարակաբան. Հատուկ ուղեցույցերը մեկ անգամ թարմացվել են
- 14.05.2020. 142 նոր վարակակիր, 72 առողջացած, մահվան մեկ դեպք
- 13.05.2020. 180 նոր վարակակիր, 70 առողջացած և մեկ մահվան դեպք
- 12.05.2020. 146 նոր վարակակիր, 71 առողջացած, մահվան մեկ դեպք
- 11.05.2020. 79 նոր դեպք, 34 առողջացած, մեկ մահվան դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան