17 մլրդ դրամ՝ 185 կմ ճանապարհ և 2 օբյեկտ հիմնանորոգելու համար
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր գործադիրի նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2020 թ. պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թ. դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը։
Փոխվարչապետը հայտարարեց, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020 թվականի համար նախատեսված ավտոճանապարհների շինարարական աշխատանքներով` շինարարական օբյեկտների շինարարության, տեխնիկական, հեղինակային հսկողության, և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման անհրաժեշտությամբ:
Նկատելով, որ 2020 թվականին կառավարությունը նախատեսել է նորոգել 500 կմ ճանապարհ՝ փոխվաչապետը հայտնեց, որ ընդհանուր առմամբ նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների երկարությունը 185.33 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 97.26 կմ, հանրապետական նշանակության` 55.57 կմ և մարզային նշանակության` 32.5 կմ: Կհիմնանորոգվի նաև երկու տրանսպորտային օբյեկտ:
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկում է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման համար Կառավարության հաստատած 17.4 մլրդ դրամից 17.2 մլրդ դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և 0.2 մլրդ դրամը «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառումներին:
Տիգրան Ավինյանը նշեց, որ 2020թ համար նախատեսված շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ է իրականացնել բյուջեի վերաբաշխում 17.4 մլրդ դրամի չափով, որի մեջ ներառված է շինարարության, տեխնիկական և հեղինակային հսկողության գումարները։
Ոչ ֆինանսական ցուցանիշը, ըստ Ավինյանի, նշված գումարի մեջ կազմում է 185.33 կմ և 2 տրանսպորտային օբյեկտ։
Փոխվարչապետը Նիկոլ Փաշինյանին հավելյալ տեղեկացրեց, որ տարվա համար նախատեսված 241 կմ երկարության ճանապարհների կառուցման բոլոր մրցույթներն ամփոփված են: 80 կմ-ն արդեն ամփոփման փուլում է, իսկ Մ 6 ճանապարհի 50 կմ չափով հատվածն ընթացիկ տարում ավարտելու են:
«Կարելի է ասել, որ ըստ պլանավորածի առաջ ենք գնում»,- հայտարարեց Ավինյանը: