Կորոնավիրուսը կարող է երբեք չվերանալ․նախազգուշացնում է ԱՀԿ-ն
Նոր կորոնավիրուսը կարող է երբեք չհեռանալ, և ամբողջ աշխարհի բնակչությունը ստիպված կլինի սովորել ապրել դրա հետ։ Նախօրեին այս մասին նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Նախօրեի ճեպազրույցի ժամանակ ելույթ ունենալով՝ ԱՀԿ արտակարգ իրավիճակների տնօրեն դոկտոր Մայք Ռայանը նախազգուշացում է հնչեցրել վիրուսի վերացման կանխատեսումների հետ կապված։ Այս մասին գրում է BBC-ն։
Նա հավելել է, որ նույնիսկ եթե պատվաստանյութ հայտնաբերվի, վիրուսը կառավարելը կպահանջի «զանգվածային ջանք»:
Աշխարհում գրեթե 300 000 մարդ մահացել է կորոնավիրուսից, և գրանցվել է ավելի քան 4,3 միլիոն վարակի դեպք:
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ համաճարակը նպաստում է համատարած հյուծվածությանն ու հոգեկան առողջության խնդիրներին, մասնավորապես, այն երկրներում, որտեղ մտավոր առողջության ոլորտում ներդրումների պակաս կա:
ՄԱԿ-ը կառավարություններին հորդորում է հոգեկան առողջության հետ կապված խնդիրները դարձնել կորոնավիրուսին իրենց ընդհանուր պատասխանի մի մասը: