Մեկնարկեց Արա Բաբլոյանի ու Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստը։ Նիստը նախագահող դատավոր Հարություն Մանուկյանն ասաց, դեմ չէ, որ նիստին ներկա լինեն լրագրողներ, իրականացնեն լուսանկարհանում, տեսանկարահանում, նաև ուղիղ հեռարձակում։
Կողմերը չառարկեցին։ Դատավորը տեղակացրեց իրեն ինքնաբացարկ հայտնելու հիմքերի մասին։ Արսեն Բաբայանը նրան ուղղված մի քանի հարցեր հնչեցրեց, նշեց, պատասխանների հիման վրա կորոշեն՝ ինքնաբացարկ կներկայացնե՞ն, թե՞ ոչ։
«Որպեսզի հնարավորություն ունենամ որոշելու, թե առկա է արդյոք դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հիմք, անհրաժեշտ եմ համարում ստանալ հետեւյալ հարցի պատասխանը.Ըստ ինձ առաջադրված մեղադրանքի. «2015 թվականի Սահմանադրական փոփոխության հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիները ձեւավորել են քվեարկության դրված նախագծի տեքստի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով՝ Սահմանադրական դատարանի կողմից իր կազմից՝ 6 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու ընթացակարգով Սահմանադրական դատարան ունենալու կամաարտահայտություն։
Հիշյալ սահմանադրական կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո դրա իրագործման լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել է ևչի իրագործվել»։
Հարգելի դատարան, Դուք, որպես ՀՀ քաղաքացի ձեւավորել եք քվեարկության դրված նախագծի տեքստի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով՝ Սահմանադրական դատարանի կողմից իր կազմից՝ 6 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու ընթացակարգով Սահմանադրական դատարան ունենալու կամաարտահայտություն։
Եվ համարում եք արդյոք, որ դրա իրագործման Ձեր, որպես ՀՀ քաղաքացու լեգիտիմ ակնկալիքն արհեստականորեն խոչընդոտվել ևչի իրագործվել։ Միաժամանակ, ըստ այդմ, խնդրում եմ հայտնեք, թե արդյոք Դուք, որպես ՀՀ քաղաքացի, Ձեզ համարում եք մեզ վերագրվող գործողությունների արդյունքում տուժած անձ։
Կներեք նման խառը, անհասկանալի, շփոթեցնող ձևակերպումների համար։ Դրանք իմը չեն։ Ինչպես նշեցի մեջբերված են իմ մեղադրանքից»,-իր ելույթում նշեց Արսեն Բաբայանը:
Դատարանում այսօր Բաբայանի շահերը ներկայացնում են փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Լուսինե Մարտիրոսյանը, Արա Բաբլոյանի շահերը՝ Արամ Վարդևանյանը։
Մինչ դատական նիստը Արսեն Բաբայանը տարածել էր հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված էր.
«Դատական այս ամբողջ պրոցեսն իրենից ներկայացնում է քաղաքական բիրտ հետապնդում, պրոցեսն սկսվել ու ամբողջությամբ ուղեկցվել է Սահմանադրության և օրենքների զավեշտալի և կոպտագույն խախտումներով, որին բոլորդ ականատես եք եղել, և որը, պաշտպանական թիմի հետ միասին, ամբողջությամբ կբացահայտենք հենց դատաքննության ընթացքում:
Վերահաստատում եմ, որ ինձ ոչինչ չի կանգնեցնելու:
Ձեզանից գողացված հեղափոխությունը, ի հեճուկս գործող ռեժիմի, հաստատ վերադարձվելու է բոլորիդ...»։
Հիշեցնենք, որ մեղադրական եզրակացության համաձայն, Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։
Հարակից հրապարակումներ`
- Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործերի վերաբերյալ ՀՔԾ քննիչի առարկությունը դատախազը մերժել է
- Իմ բոլոր գործողությունները եղել են բացառապես Սահմանադրությանը և օրենքին համապատասխան. Ա.Բաբլոյան
- Բաբլոյանին ու Բաբայանին նոր մեղադրանքներ են առաջադրվել
- Դատախազությունը որոշել է Բաբլոյանի վերաբերյալ քրգործը կրկին վերադարձնել քննիչին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան