ՀՀ մեր քաղաքացին ու կորոնավիրուսը ՌԴ-ում
Իր «կորոնային արկածները» պատմում է ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցը. «... Սկսվեց հարսիցս մարտի կեսերին՝ կոկորդը քերում էր,տաքությունը երեկոյան բարձրանում 38, առավոտ իջնում 36,5.. Գնաց պոլիկլինիկա ջերմիջեցնող դեղ ու կոկորդի ողողումներ նշանակեցին... Եվս մեկ շաբաթ հետո թոռներիս՝ Վերայիս ու Լևոնիս մոտ սկսվեց նույնությամբ... Հարսս երկուսին էլ բժշկի տարավ՝ նույն նշանակումը։ Երրորդ շաբաթվա ընթացքում թվաց, թե լավանում են՝ տաքություն չունեին։ Իսկ այ 4֊րդ շաբաթը իմ մոտ սկսվեց՝ ոսկորների ցավ, 4֊5 օր հետո սկսեց ջերմությունս բարձրանալ ու կոկորդս ոնց որ չանգռում էին։ Ջերմությունը չէր իջնում, քրտնում էի ու հազս գնալով շատանում էր։
Հարսիս մոտ էլ սկսեց բարձր ջերմությունը պահպանվել, էդ ընթացքում 3֊4 անգամ կանչե․ ենք շտապ օգնություն, բայց գալիս էին լավագույնը 2֊3 ժամից։
Զուգահեռ՝ տեղամասի բժիշկ էինք կանչում։ Ես ջերմում էի, հազում, ոսկորներս ոնց որ սղոցեն։Համային զգացողությունս կորցրել էի, միայն թեյ էի խմում՝ զոռով։
Այս վատ վիճակում եմ 11օր։ 2 շտապօգնություն ասացին, թե՝ թոքերդ մաքուր են, չենք տանում հիվանդանոց։ Հազս սկսել էր խեղդել, հենց խոսում էի շունչս կտրվում էր ու հազից խեղդվում էի։ Երրորդ շտապը վերջապես, ապրիլի 27֊ին, ասաց, որ թոքերը ստուգել է պետք ու տարան Դոմոդեդով քաղաքի հիվանդանոց, արեցին կատէ ու հայտնեցին, որ երկկողմանի թոքաբորբ եմ տանում. «Սպասեք, «սկոռին» ձեզ կտանի համապատասխան հիվանդանոց»։
Ինձ նման մի 10 հոգի էլ կային... 2 ժամ սպասելուց հետո ասին տեղ չկա ու հետ ուղարկեցին տուն։ Տղաս իմացավ,որ Մոսկվայում ավելի կարգ ու կանոնով է, տուն վարձեց մեկ օրով Մոսկվայում, շտապ օգնություն կանչեց, ինձ միանգամից տարավ հիվանդանոց։ Պառկեցի 11 օր, հենց առաջին օրը ասացին՝ միջին ծարության է հիվանդությունը։ 3֊4 օր հետո իմ մոտ վերականգնվեց համային զգացողությունս, ջերմությունս իջավ, հազս քչացավ։
Ես էլ ոնց որ երկնքից իջա գետին, թեև ահավոր թույլ էի ու խորը չէի կարողանում շունչ քաշել։ Եվս 2 կատէ՝ ասացին դինամիկա չկա, բայց քանի որ դեպի վատն էլ չի գնացել ուրեմն լավ է։ Մայիսի 6֊ին, կատէ-ով էլի, գտան դինամիկան, դուրս գրեցին՝ բուժումը տանը շարունակելու։ Ասացին՝ որովհետև չենք հասցնում տեղավորել հիվանդներին։ Այդ հիվանդանոցն էլ նախկին վիրաբուժական կենտրոն էր,Վիշնեվսկու անվան, որը վերափոխել էին ինֆեկցիոնի։ Անձնակազմից գոհ եմ՝ շատ ուշադիր էին, օրը 3֊անգամ փչում ու սրբում էին ամբողջ հիվանդասենյակը։ Ամբողջ անձնակազմը այլմոլորակայինի հագուստով..., բայց երբ հարցրեցի՝ կորոնա՞ է, պատասխանեցին՝ քեզ համար ինչ տարբերություն, մեկ է, արտոնություն չունես»։
Հնարավոր է՝ ավելորդ չվախեցնելու համար։
«Հիմա տանն եմ, թեպետ ընդհանուր թուլությունը կա, հոգնում եմ շատ։ Կիսապառկած վիճակում եմ, բայց հույս կա արդեն։ Այսպես»,- այսքանը արդեն ձայնային ֆայլով ու հազիվ խոսելով է հայտնում Վերան։
Հույսի վրա ժպիտը լսվում է։
Լուսանկարներում՝
Մեր հերոսը՝ «լրիվ կես մարդ դարձած»։
.
«Չեչեն քույրս, շաատ ուշադիր էր». հատուկ ուղարկել է ու հատուկ չի ասում բուժքույր՝ արդեն քույր։ Թեպետ՝ ով գիտե, եթե դրսում հետո տեսնի, կճանաչի՞․
Հիվանդանոցից դուրս գրվելու նախորդ օրը՝ մաքրում են հիվանդասենյակը.
Հարգելի հայաստանցիներ։ Վերան համաձայնեց պատմել իր հիվանդության մասին, որովհետև անհանգիստ է իր համերկրացիների, բարեկամների համար։ Վախենում է, որ անզգույշ են, չեն հավատում, որ կա կորոնավիրուսը ու որ հիվանդության ընթացքը ծանր է։
Քանի չենք ընկել այն օրը, երբ կանչում ես ու շտապօգնությունը չի գալիս, կամ գալիս է ու հիվանդանոց չի տանում... գյոռմամիշ հո չեք՝ խնայեք, էլի, ձեզ ու ձեր կողքիններին։ Լիքը մարդ կա, որ չի ուզում հիվանդանալ՝ սա միանգամայն տեղեկացված եմ ասում։ Կանոնները պահեք, տեսնենք վերջը, էլի։
Ա. Ոսկանյան