«Բոլորս՝ երեխա ունենալու». Նիկոլ Փաշինյան
«Սրանից հետո մնում է կարգախոսն էլ մշակենք. «Բոլորս՝ երեխա ունենալու»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իմանալով, որ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերը հաստատելու մասին որոշումով նախատեսվում է աջակցություն նաև այն ընտանիքներին, որտեղ առաջիկայում երեխաներ են ծնվելու:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ որոշման նպատակն է խթանել ծնելիությունը, քանի որ ուսումնասիրություններից պարզել են, որ դրա հիմնական խոչընդոտներից մեկը բնակարանային խնդիրներն են:
«Պաշտպանության նախարարն ասում է, որ այսքանից հետո երկրում ծնելիության բում է լինելու, մենք էլ ասում ենք՝ բա էդ ենք ուզում, ինչի՞ համար ենք անում սա»,- հայտարարեց վարչապետը:
Կառավարության անդամների համար հարցը լիարժեք պարզ դարձնելու համար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ որոշումը վերաբերում է այս տարվա հուլիսի 1-ից հետո ծնված երեխաներին և հետադարձ ուժ չի ունենալու:
Զարուհի Բաթոյանն էլ շեշտեց, որ ժամկետը վերաբերում է միայն որոշման երրորդ փաթեթին՝ երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեկային վարկ մարող ընտանիքների աջակցությանը և, որ այն ավելի շատ ընտանիքի պլանավորմանն է ուղղված, դրա համար էլ հուլիսի 1-ից հետո ծնված երեխաներին է վերաբերում:
Մեկ անգամ ևս հասարակությանը տեղեկացնելով, որ որոշումը վերաբերում է հուլիսի 1-ից հետո ծնվածներին՝ վարչապետը նկատեց. «Իսկ ովքեր մինչ այդ են երեխա ունեցել, ոչինչ չի խանգարում հուլիսի 1-ից հետո էլ ունենալ»: