Պոմպեոն ութ ժամանոց այց է կատարել Իսրայել
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախօրեին ժամանել էր Իսրայել մեկօրյա այցով, որի ընթացքում նա հանդիպումներ է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և վերջինիս կոալիցիոն գործընկեր Բենի Գանցի հետ։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Նախքան այցը Պոմպեոն թվիթերյան գրառմամբ տեղեկացրել էր, որ այցի ընթացքում քննարկվող թեմաներից են գլոբալ համաճարակն ու Իրանի հետ լարված հարաբերությունները տարածաշրջանում:
Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանը ներկա չէր Պոմպեոյի ժամանմանը, քանի որ վատառողջ էր, և բժիշկների խորհրդով չէր եկել օդանավակայան: ԱՄՆ պետքարտուղարությունը, սակայն, հայտարարել է, որ նրա կորոնավիրոսի թեստը տվել է բացասական արդյունք: Իր հերթին Պոմպեոն ժամանման պահին իջել է ինքնաթիռից բժշկական դիմակով:
Բենյամին Նեթանյուհուի հետ հանդիպման ժամանակ կողմերը վերահաստատել են, որ քննարկելու են համավարակի ու Իրանի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև Իսրայելի ձևավորվող կոալիցիոն կառավարության հետ կապված հարցեր:
Իր ողջույնի խոսքում Նեթանյահուն շեշտել է՝ «ութ ժամանոց այս այցը վկայում է մեր դաշինքի ամրության մասին»: Ոչ Նեթանյահուն և ոչ էլ Պոմպեոն սակայն չեն անդրադարձել օրերս Հորդանան գետի արևմտյան ափի տարածքում տեղի ունեցած բռնության միջադեպին: Ըստ պաղեստինյան կողմի, 15-ամյա մի պաղեստինցի է սպանվել Հեբրոն քաղաքի մոտ իսրայելական զինվորականների հետ բախման արդյունքում:
Չորեքշաբթի օրն ավելի ուշ պետքարտուղար Պոմպեոն հանդիպել է նաև Նեթանյահուի կոալիցիոն գործընկեր Բենի Գանցի և երկրի ապագա արտգործնախարար, զինված ուժերի պաշտոնաթող հրամանատար Գաբի Աշքենազայի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան