526 մլն դրամ՝ երիտասարդ ընտանիքների հիփոթեկային ծանրաբեռնվածության մեղմման համար
2020 թվականի բյուջեով 526 մլն 760 հազար դրամ է նախատեսված երեխաներ ունեցող ընտանիքներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար։ Կառավարության նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերը հաստատելու մասին» կառավարության որոշումը:
Նախարարը հայտնեց, որ ծրագրի հիմնական նպատակն է երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը, որի հիմնական շահառուներն են մարզերում բնակվող ընտանիքները:
Զարուհի Բաթոյանը նկատեց, որ ծրագրի մյուս նպատակն է երեխայի ծննդյան դեպքում վարկային բեռը թեթեևացնելու միջոցով հնարավորություն ընձեռել շահառուներին համատեղել հիփոթեկային վարկի մարումը և երեխայի խնամքը՝ դրանով խթնելով ծնելիությունը:
Նախարարը հայտնեց, որ ծրագրով նախատեսվում է աջակցության երեք փաթեթ.
- Միանվագ դրամական աջակցություն. տրամադրվում է մարզային բնակավայրերում հիփոթեկային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը,
- Կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության համար դրամական աջակցություն. պետական միջոցների հաշվին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի (հիփոթեկային պարտավորության) ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար,
- Երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարող ընտանիքներին. հիփոթեկային վարկ մարող շահառուից սերված երեխա ծնվելու դեպքում, տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեկային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Շահառուն իրավունք ունի օգտվել երեխայի ծննդյան աջակցության ծրագրից՝ անկախ հիփոթեկային վարկը վերցնելու ժամկետից, բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրից օգտվելու հանգամանքից։
Ըստ նախարարի, նպատակային ծրագրերի արդյունքներն արտացոլվելու են 2022-2023 թթ. ծնելիության ընդհանուր ցուցանիշներում։
Զարուհի Բաթոյանը նաև հայտնեց, որ 2020 թվականին բյուջեից ծրագրի համար հատկացված 526 մլն 760 հազար դրամ միջոցներից նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245, կանխավճարի ապահովագրություն տրամադրել 540 և երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուների։
Կառավարությունն ընդունված որոշումով հանձնարարեց երկամյսա ժամկետում ԿԲ-ի հետ մշակել ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձև:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին