Վարակի տարածման մարումից հետո կրկին հնարավոր են բռնկումներ. Ավինյան
«Կառավարության նիստում ասվեց, որ այսօր հրատապ բուժման կարիք ունեցող 600 պացիենտ կա, ու եթե այդ թիվը հասնի 1500-ի, ապա նորից սահմանափակումներ կկիրառվեն։ Կխնդրեի պարզաբանել՝ ինչո՞վ է պայմանավորված այդ 1500 թիվը»,- ԱԺ հատուկ նիստի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ դիմելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։
Պատասխանելով պատգամավորի հարցին Տ. Ավինյանն ասաց, որ թոքաբորբ ունեցող պացիենտների թիվը 600 է, իսկ մահճակալային ֆոնդը 2000 է. «Ոչ բոլոր թոքաբորբ ունեցող անձինք ունեն այդ մահճակալային ֆոնդի կարիքը։ Նրանց մոտավոր 25-30%-ը կարիք չունի ինտենսիվ բուժման։ Փաստացի, առողջապահական համակարգի կարողությունների առումով մենք մեզ բավականին վստահ ենք զգում։ Այս պահին ունենք մոտավորապես 100 ինկուբացիոն արհեստական շնչառության սարքեր, որոնցից գործարկվում են ընդամենը 6-ը։ 100-ից ավելի շնչառական սարքեր էլ ունենք, որոնք մինչինկուբացիոն շրջանում են օգտագործվում։ Այդ առումով մեր կարողությունները համարում ենք ավելին քան բավարար»։
Փոխվարչապետը տեղեկացրեց, որ իրենց համար այս պահին ամենակարևոր խնդիրներից մեկը առողջապահական համակարգի կարողությունների զարգացումն է։ Նրա խոսքով, բավականին առաջանցիկ տեմպերով է ՀՀ առողջապահական համակարգը բերվել այն մակարդակին, որի շնորհիվ այսօր վսհատորեն որոշակի սահմանափակումներ նվազեցվում են։
«Պարզ է, որ վարակի տարածման ամբողջական մարումը շատ դժվար պրոցես է, և կարելի է ասել, որ մարելուց հետո կրկին հնարավոր են բռնկումներ։ Ինչ վերաբերում է վարակի տարածման արագությանը, ապա մենք իրականում միջին ցուցանիշի վրա ենք, նույնիսկ մի փոքր ավելի լավ, եթե համեմատենք աշխարհի տարբեր երկրների հետ։ Մենք էականորեն աճեցրել ենք թեստավորման քանակները, և արձանագրվող դեպքերը դրանով են պայմանավորված։ Այնուամենայնիվ, առողջապահական համակարգը սպասարկում է բոլոր հիվանդներին, և պրոցեսը կառավարելի է»,- տեղեկացրեց Տ. Ավինյանը։
Արձագանքելով Մ. Մելքումյանը նշեց, որ վերջին տվյալներով բիզնեսին 76 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվել. «Փոքր և միջին բիզնեսի շրջանառություններն ընկել են, շահութաբերությունը՝ ևս։ Ի՞նչ եք կարծում, բավարա՞ր է այսօր այդ 76 մլրդը, երբ հնչեցվում է, որ փողի խնդիր չկա։ Իսկապե՞ս չկա փողի խնդիր։ Եթե չկա, ապա այս պահին ո՞նց եք գնահատում այդ աջակցության ներառականությունը»։
Տ. Ավինյանն էլ ասաց, որ եթե այդ աջակցության ծավալները համարվեին բավարար, շարունակաբար նոր ծրագրեր չէին նախաձեռնվի և ընդունվի.
«Սա շարունակական գործընթաց է լինելու, նոր գործիքներ են ներդրվելու՝ բիզնեսի աջակցությանն ուղղված»։
Հարակից հրապարակումներ`
- Մայիսի 18-ից ամբողջովին կգործարկվի հանրային տրանսպորտը. Ավինյան
- ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարացվեց մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին