Դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննված դատական գործերով նույն դատարանի դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կատարել է պաշտոնեական կեղծիքներ:
ՀՔԾ-ից մանրամասնում են, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում 07.09.2018թ.-ին ստացվել է քաղաքացու կողմից քննիչի և դատախազի որոշումների դեմ բերված բողոքը, որի վերաբերյալ դատական գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Վերջինս, պարտավոր լինելով բողոքի քննությունը սկսել այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում, բողոքի քննությունն այդ ժամկետում սկսված ցույց տալու, դատավարական ժամկետները պահպանված լինելու պատրանք ստեղծելու և այդ կերպ հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի օժանդակությամբ կազմել է 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին չեն ներկայացել բողոքաբերը, ՀՀ քննչական կոմիտեի և դատախազության ներկայացուցիչները, որոնց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի, և նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել ու նշանակվել է մեկ այլ օր:
Հիշյալ բողոքի նյութերին են կցվել կողմերին ուղղված, 14.09.2018թ.-ին դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրման ձևական ծանուցագրեր: Ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց և իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դ. Գրիգորյանը և Գ. Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին:
Բացի այդ, 11.09.2018թ.-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության Երևանի բաժնի պետի համապատասխան միջնորդությունը, որի վերաբերյալ դատական գործը նույն օրը մակագրվել է դատավոր Դ. Գրիգորյանին: Վերջինս որպես իր աշխատանքի արդյունավետ գնահատման դրական չափանիշ, այն է` ողջամիտ ժամկետում դատական գործի քննություն ցույց տալու, ինչպես նաև հետագայում աշխատանքում թերացման պատճառով հնարավոր իրավական ներգործության միջոցների կիրառումից զերծ մնալու անձնական դրդումներով, դատական նիստ կայացած չլինելու պայմաններում դարձյալ դատական նիստերի քարտուղար Գ. Վարդանյանի օժանդակությամբ կազմել է հիշյալ գործով 14.09.2018թ.-ին դատական նիստ անցկացնելու մասին կեղծ արձանագրություն: Դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցվել առ այն, թե իբր դատական նիստին կողմերը չեն ներկայացել, և նրանց չներկայանալու մասին դատարանն իբր տեղեկություններ չունի: Նշված հիմքով էլ դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մեկ այլ օր:
Հիշյալ բողոքի նյութերին են կցվել կողմերին ուղղված, 14.09.2018թ.-ին դատական նիստին ներկայանալու մասին դատարանի գրասենյակում չգրանցված, անստորագիր և առանց ելքագրման ձևական ծանուցագրեր: Այս դեպքում ևս ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող վերը նշված արձանագրությունը կազմելուց և իրենց ստորագրություններով հավաստելուց հետո Դ. Գրիգորյանը և Գ. Վարդանյանն այն կցել են դատական գործի նյութերին: Ընդ որում, հատկանշական է, որ վերոհիշյալ երկու դատական գործերով էլ 2018թ. սեպտեմբերի 14-ով թվագրված դատական նիստերի արձանագրություններում նշվել է նիստերի անցկացման նույն ժամը, մինչդեռ Դ. Գրիգորյանը և Գ. Վարդանյանը նշված օրը և ժամին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում չեն գտնվել:
Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, իսկ դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին` 38-314-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/ :
Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկած քննիչի նկատմամբ քրգործ կհարուցվի. Փաստինֆո
- «Փաստինֆո». Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրգործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչը ոչ իրավաչափ է ճանաչել
- Դատավոր Դավիթ Գրիգորյանը ԲԴԽ անդամից պահանջում է հերքել ասածները
- Վարդազարյանը բացատրում է, ինչու ԲԴԽ-ն չկանգնեց դատավոր Դավիթ Գրիգորյանի կողքին
- ՄԻՊ-ն իրավական դիրքորոշում է հայտնել Դավիթ Գրիգորյանի գործով առգրավման և խուզարկության առնչությամբ
- Դատավոր Դավիթ Գրիգորյան. Համոզված եմ, որ բոլորդ շատ լավ գիտակցում եք, թե ինչ է իրականում կատարվում
- Հայկ Ալումյան. Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին