Կորոնավիրուսից առողջացած տուն վերադարձան, տեսան դաշտը մշակած, հորթը՝ մեծացած
Հայաստանի գյուղերում այս օրերին կորոնավիրուսի, արտակարգ դրության շուրջ խոսակցություններից առավել շատ ու ուժեղ եռում են հողի աշխատանքները։ Առանց կարանտինի էլ գյուղամեջերում հազվադեպ մարդկանց կգտնեք, առավոտ դաշտ են գնում, երեկոյան հոգնած վերադառնում, հազիվ հասցնում են հարևանների որպիսությունը հարցնել։ Ով էլ հող չի մշակում անասուն ունի, նրանց հանդ են տանում, կթում, տակերը մաքրում, ջրում... Մի խոսքով, գյուղերում կորոնավիրուսով հիվանդանալու ժամանակ չկա։
Այստեղ մարդիկ վախենում են ոչ թե հիվանդանալուց, այլ հիվանդանալու հետևանքով իրենց բաղն ու անասունների անտեր մնալու հետևանքներից։ Ողջ տարվա ապրուստը կկորցնեն։
«Մենք հեչ է, մեզ համար չենք վախում, տանելու են մեկուսացնեն, բա էս մեր կով-մովը, հող ո՞վ ա բեջարելու։ Բայց որ մեկուսացնեն ես դրանից հաստատ կհիվանդանամ, էդքան օր առանց գործ անել ո՞նց կլինի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչը։
Առողջապահության նախարարությունը վիճակագրական տվյալների վերլուծություն չունի, կամ եթե ունի, չի հրապարակել, թե վարակակիրներից քանի՞սն են գյուղաբնակ։ Բայց դատելով մարզպետների՝ երբեմն հրապարակած տվյալներից, մարզաբնակ հիվանդների թիվը փոքր չէ։
Ըստ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ ֆեյսբուքյան էջում մայիսի 12-ի հրապարկած տվյալների, մարզում կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 360 է, որոնցից 159-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Համեմատության համար նշենք, որ այդ օրը ժամը 11:00-ի դրությամբ հաստատված էր կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3538 դեպք, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով:
Ավելի վաղ մարզպետը նշել էր, թե որ գյուղերում կան հաստատված դեպքեր, այստեղ հիվանդությունը տարածվել էր Նորագավիթում գործող «Սարտեքս» ձեռնարկությունից, որտեղ աշխատում էին հարևանությամբ գտնվող գյուղերի բնակիչները։
159 առողջացածներից 5-ը մի ընտանիքի անդամներ են։ Բոլորն էլ չափահաս։ Նախ ընտանիքի անդամներից մեկի մոտ հաստատվեց հիվանդությունը, մեկ օր անց եկան, տունը ախտահանեցին, մյուս չորս անդամներին էլ մարտի 17-ին մեկուսացրեցին Աղավնաձորի հյուրանոցներից մեկում։ 14 օր անց թեստավորման արդյունքում հաստատվեց՝ վարակն առկա է բոլորի մոտ։ Ընտանիք անդամներից վերջինը հիվանդանոցը լքեց մայրը՝ մայիսի 12-ին, երբ նշվում էր բուժքույրերի օրը։
Մոտ երկու ամիս չորս պատի մեջ մնալը օրվա մեծ մասն ազատ բակերում ու դաշտերում վար ու ցանքի մեջ եղած մարդու համար իսկական տառապանք է։
«Մեզանից ոչ մեկի մոտ ոչ մի անգամ ախտանիշ չի եղել, ոչ ջերմել ենք, ոչ հազացել։ Միակ տանջանքը չորս պատի մեջ լինելն էր ու միտքը, որ այգու գործերը մնացին։ Էնքան նեղվեցի՝ իմ իշիազը գլուխ բարձրացրեց, կնոջս ճնշումը բարձրացավ, բայց կաթիլային միացրեցին, բուժումներ արեցին, էդ խնդիրներն էլ անցան»,-Panorama.am-ի հետ զրույցում պատմում է ընտանիքի հայրը։
Գոմում եղած անասուներին՝ կովին, հորթին, խոզերին, հավ ու ճվին տիրություն էր անում եղբայրը։ Իր գոմի աշխատանքներն այս ընթացքում թողել էր կնոջը։
«Եղբայրս զանգեց, ասում է, հորթին հարցնում եմ՝ ուզո՞ւմ ես քո իսկական տերերը գան, պատասխանում է՝ չէէէէ։ Թողնում եմ հորթը մոր կաթը լրիվ ուտում է, գալու եք, տեսնեք, մեեծ ցուլ է դարձել»,-պատմում է կորոնավիրուսն ու դրա հետ կապված դժվարություններն արդեն հաղթահարած գյուղացին։
Ու իսկապես, երկու ամսում հորթը մեծացել է ոչ թե օրով, այլ ժամերով, բոյ է քաշել, գիրացել։
Panorama.am-ի զրուցակիցը խոստովանում է՝ իրենք էլ հյուրանոցում, ապա հիվանդանոցում կերել են, պառկել, նստել, արդյունքում չաղացել են։
«Էսօր եկել ենք այգի, կամաց-կամաց մկաններս բացենք, շունչներս տեղը բերենք, էս ավելորդ կիլոգրամներից ազատվենք, թե չէ խայտառակություն է, մի քանի անգամ կռանում եմ, հելնում, շունչս կտրվում է, դա հողագործ մարդուն սազակա՞ն բան է»,-ծիծաղում է գյուղացին։
Այգում իր ընտանիքի համար շատ գործ չկա անելու։ Հիվանդանոցում գտնվելու օրերին հավաքվել են քավորի, խնամու ընտանիքները, հարևանները գնացել իրենց այգի։ Էտը արել են, կապը արել են, արքատը հավաքել են, ապա կապել, դաշտից դուրս են բերել, ընկած կամ վնասված սյուները փոխել։ Աշխատանքներն ավարտելուց հետո լուսանկարել են ու նկարներն ուղարկել իրենց։
«Ամեն ինչ տեղը տեղին արած է, մեզ անելու բան չեն թողել։ Իրենց նախաձեռնությամբ կազմակերպել են, հավաքվել-գնացել։ Վստահ էի, որ այգին հոգատար ձեռքերում է լինելու, մենք էլ պետք եղած ժամանակ բոլորին օգնության ենք հասել։ Բայց մտածում էի, էս գործի եռուն շրջանում, մարդիկ իրենց գործը թողած, պիտի գնային իմ դաշտի գործերն անեին, առանց էդ էլ անձրևների պատճառով էս տարի ուշացան աշխատանքները։ Շատ գոհ եմ, շնորհակալ եմ, բոլորն էլ մեր կողքին են եղել, օրը մի քանի հարյուր զանգ էինք ստանում, հպարտանալու բան է»,-ասում է նա։
Վարակը հաղթահարած տղամարդն ընդգծում է՝ բժիշկները, բուժքույրերը շատ հոգատար են եղել, որևէ բանի պակաս չեն զգացել, սնունդն էլ շատ լավ է եղել։
Ասում են՝ կորոնավիրուսը նաև դասեր քաղելու, կյանքը, մտերիմներին, բարեկամներին, ազատությունը արժևորելու ու շատ բաներ վերագնահատելու համար է։
Զատիկի օրվա՝ ընթրիքն ու ամենօրյա սեղանը հյուրանոցում մեկուսացման ու բուժման օրերին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին