Ազգային գրադարան.Արխիվացված նյութերի կորուստ տեղի չի ունեցել
Հայաստանի Ազգային գրադարանը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված օրեր առաջ շենքում տեղի ունեցած դեպքին, երբ որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերվել են ծխեցված վիճակում։
«Արտակարգ դրության պայմաններում Հայաստանի ազգային գրադարանն աշխատել է միայն առցանց, իսկ սերվերները կարգավորվել են հեռավար կերպով: Մայիսի 10-ին ինտերնետ կապի խափանման և ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանների առցանց անհասանելիության պատճառները պարզելու նպատակով ՀԱԳ աշխատակիցները շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններից մեկի ուղեկցությամբ որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերել են ծխեցված վիճակում: Այնուհետև ժամանել է նաև շենքում ծառայություն իրականացնող ԱԻՆ աշխատակիցը:
Գրադարանի տնօրինությունը տեղի ունեցածի բնույթը և հանգամանքները պարզելու նպատակով անմիջապես դիմում է ներկայացրել ԱԻՆ նախարարին, սակայն համապատասխան մասնագետներ դեռ չեն ժամանել գրադարան դեպքի հանգամանքները պարզելու: Քանի որ շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանները և ՀԱԳ անվտանգության աշխատակիցը նշեցին, որ հոսանքի տատատումներ և անջատում է եղել, տնօրինությունը դիմում է ուղարկել նաև ՀԷՑ տնօրենին, պլանային և կանխարգելիչ անջատումների ու հոսանքի տատանումների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու խնդրանքով, որին դեռևս պատասխան չի տրվել:
Ինչ վերաբերում է սերվերային սարքերին և նրանցում պահպանվող նյութերին, ապա ամբողջ տարիների ընթացքում թվայնացված և արխիվացված նյութերը պահպանված են նաև առանձին կրիչներով, հետևապես այդ առումով արխիվացված նյութերի կորուստ տեղի չի ունեցել, իսկ սերվերային սարքերի տեխնիկական վիճակը, գրադարանի մասնագետի կողմից դրանց արտաքին տեսքի գնահատմամբ, հուսադրող է, սակայն լիարժեք գնահատական հնարավոր կլինի տալ դրանք ստուգելուց հետո, ինչը հնարավոր կլինի ԱԻՆ-ի կողմից դեպքի քննության և դրա վերաբերյալ արձանագրության տրամադրումից հետո:
Այժմ գրադարանը քայլեր է նախաձեռնում ամբողջ աշխատանքային բազան՝ թվայնացված ողջ նյութը, տեղափոխել ամպային համակարգ և այն կրկին հասանելի դարձնել ընթերցող հանրությանը»,- նշված է հայտարարության մեջ: