ԱԻՆ աշխատակիցներն այսօր ժամանել են Ազգային գրադարան
«Հայաստանի Ազգային գրադարանում մայիսի 10-ին որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերվել են ծխեցված վիճակում, սակայն դեռևս կորուստների մասին պաշտոնական տեղեկատվություն չենք կարող ասել, համապատասխան փորձաքննություն պետք է անցկացվի»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը։
Նա նշեց, որ արտակարգ դրության պայմաններում Հայաստանի ազգային գրադարանի սերվերները կարգավորվել են հեռավար կերպով: Մայիսի 10-ին ինտերնետ կապի խափանման և ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանների առցանց անհասանելիության պատճառները պարզելու նպատակով ՀԱԳ աշխատակիցները շենքի պահպանությունն իրականացնող ոստիկաններից մեկի ուղեկցությամբ որոշ էլեկտրական սարքեր հայտնաբերել են ծխեցված վիճակում: Այնուհետև ժամանել է նաև շենքում ծառայություն իրականացնող ԱԻՆ աշխատակիցը:
Ինչ վերաբերում է սերվերային սարքերին և նրանցում պահպանվող նյութերին, ապա, ըստ նրա, ողջ թվայանացված բազան ունեն առանձին կրիչներով պահված։
«Ըստ արտաքին տեսքի գնահատումների, սերվերների վիճակն անհուսալի չէ։ Հնարավոր է, որ այդ ողջ ինֆորմացիան, այդ ողջ բազան պահպանված լինի սերվերներում»,- նշեց նա։
Հ. Սարիբեկյանի խոսքով, գրադարանում պահվում են ոչ բոլոր թվայնացված նյութերը, քանի որ արտասահմանյան տարբեր գրադարաններից նույնպես ստացել էին թվայնացված նյութեր. «Այսինքն, այդ նյութերը տպագիր վիճակում այսպես թե այնպես առկա չեն եղել, բայց կրկնում եմ՝ թվայնացված բազան ունենք կրիչների վրա։ Անդառնալի ոչինչ չկա։ Վերջնական հասանելի դառնալուց հետո կարող է պարզ դառնալ, քանի տոկոսով է վնասվել, որը կարող է աննշան տոկոս կազմել»։
Ազգային գրադարանի տնօրենի ներկայացմամբ, թվայնացված էր մինչև 20-րդ դարասկզբի տպագիր նյութերը։
Հ. Սարիբեկյանն ասաց, որ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան վարչության աշխատակիցներն այսօր ժամանել են, արձանագրել են տեղի ունեցածը, ուղարկվել է փորձաքննության՝ պարզելու, թե արդյո՞ք մարդածին գործոն է եղել, թե տեխնածին պատճառ։
«Անփութության պատճառների մասին կանխակալ ենթադրություններ և այլն, վաղ է հայտարարել, քանի դեռ հետաքննությունը վերջնականապես չի պարզել՝ մարդկային, թե տեխնածին գործոն է եղել։ Ես ոչինչ չեմ բացառում, բայց ամեն ինչը համապատասխան փորձաքննություններից, եզրակացություններից հետո»,- ընդգծեց Ազգային գրադարանի տնօրենը։
Նա նշեց, որ սերվերային սենյակում տեսախցիկներ չկան, սակայն տեսախցիկներ կան այն երկու մուտքերի մոտ, որտեղից կարելի է բարձրանալ այդ սենյակ։ Հ. Սարիբեկյանն ասաց, որ ամսի 8-ին երկու ժամով հոսանք չի եղել, այսինքն, այդ երկու ժամից բացի, մնացած տեսագրությունը նայել է, տարօրինակ բան չի նկատել։
Հ. Սարիբեկյանն ասաց, որ սերվերային սենյակը ժառանգել են նախկին տնօրինությունից, միշտ քննարկել են սերվերների արդիականացման հարցը, ինչն այժմ արդեն հրատապ է իրենց համար։
«Մտածում ենք այդ ամբողջ տվյալների բազան, թվայանցված նյուրթերը տեխափոխենք ամպային համակարգ»,- նշեց նա։
Ազգային գրադարանի տնօրենը կարևորեց նաև հակահրդեհային անվտանգության համակարգի ներդրումը, որն իրենց առաջնային խնդիրներից է։
Նրա խոսքով, մասնագետների դիտարկումներով, 2-3 շաբաթում Ազգային գրադարանի նյութերը կրկին առցանց հասանելի կլինեն, ամպային տեխնոլոգիաներով զբաղվող որևէ կազմակեպության հետ հրատապ պետք է պայմանագիր կնքեն։
Հարակից հրապարակումներ`
- Ազգային գրադարան.Արխիվացված նյութերի կորուստ տեղի չի ունեցել
- Հրդեհ Ազգային գրադարանում. Ածխացել են սպասարկող կայանները, որոնցում պահվում են շտեմարանները