Աղստև գետի բոլոր ՀԷԿ-երը կառուցված են քաղաքաշինական նորմերի խախտումով, մարզպետ
Տավուշի մարզում Աղստև գետը վարարումից հետո մեծ խնդիրներ է առաջացրել գետափին գտնվող շինությունների համար: Բնակիչները (հիմնականում գետափին կառուցված կառույցների սեփականատերերը) բողոքի ալիք բարձրացրեցին՝ պնդելով, որ գետի վարարումը այդքան վնաս չէր հասցնի, եթե չլիներ ՀԷԿ-ի կառուցված հսկայական պատվարը:
Նշենք, որ Աղստև գետի վրա կառուցված են` «Աղստև 1» ՓՀԷԿ-ը, «Քեյէներջի» ՓՀԷԿ-ը և «Կոկ» ՓՀԷԿ-ը:
Տավուշի բնակիչների պնդմամբ՝ «Կոկ» ՓՀԷԿ-ի պատվարն է խնդիրը, որի պատճառով գետը նորմալ հունով չի հոսում և դուրս է գալիս ափերից:
Բնապահպան Ինգա Զարաֆյանը, որը «Աջակցություն նոր բարեփոխումներին փոքր ՀԷԿ-երի բնագավառում ՔՀԿ-կառավարություն երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում փորձագիտական հետազոտողների խմբում էր, Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս 2017 թվականին ուսումնասիրել են Տավուշի մարզի ՀԷԿ-երն ու առանձնացրել խնդիրները:
Նրա խոսքով՝ օրերս տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո չի եղել մարզում, սակայն ՀԷԿ-երի հետ կապված խնդիրները նույն են, ինչ մի քանի տարի առաջ:
Ինգա Զառաֆյանի համոզմամբ՝ բոլոր խնդիրների հենքում ընկած է այն, որ փոքր ՀԷԿ-ը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն չեն անցել, քանի որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն մինչև 1 Մվտ հզորությամբ ՓՀԷԿ-երը բնապահպանական փորձաքննություն չեն անցնում:
«Երբ մենք այնտեղ էինք, տեսանք այդ ՀԷԿ-ի («Կոկ» ՓՀԷԿ ) կառույցը, զարմացանք, որ ՇՄԱԳ չի անցել: Իսկ ինչու չի անցել, քանի որ մինչև 1 Մվտ հզորությամբ է աշխատում: Սա օրենքի բաց է: Այդքան մեծ կառույց է և առանց ՇՄԱԳ թույլտվության: Այսինքն՝ այդ հսկայական շինությունը կառուցվել է միայն ջրային թույլտվության հիման վրա: Սա օրենքի բաց է, որը պետք է վերացնել»,-ասաց Ինգա Զարաֆյանը:
Նա նաև հավելեց, որ մասնագետներից կազմված հետազոտական խումբը ՓՀԷԿ-երի խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկությունների փաթեթ էր ներկայացրել Կառավարություն,սակայն մինչ օրս այն չի ընդունվել:
«Առաջարկել ենք, որ բոլոր ՓՀԷԿ-երն անցնեն ՇՄԱԳ փորձաքննության, բայց մինչև հիմա կառավարությունն այդպես էլ չի ընդունել: Այստեղ խնդիրը ոչ թե սեփականատիրոջը կամ ՀԷԿ-ին է վերաբերում, այլ՝ օրենքին: Նույն իրավիճակն է նաև Եղեգիս գետի վրա, կան տարբեր սեփականատերեր, բայց ներկայացնում են մի մեծ կասկադ»,- ասաց մասնագետը:
Աղստև գետի այս տարվա վարարումը բացառիկ է, քանի որ գետի մակարդակը աննախադեպ բարձրացել է, նմանատիպ ծավալ եղել է 1998 թվականին:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս աննախադեպ բնական երևույթի պատճառներից մեկն էլ այն է, որ գործատուները հայտնվել են նման իրավիճակում, քանի որ նրանք շինարարություն իրականացրել են 2010 թ-ից հետո: Այսինքն՝ ՀԷԿ-երի կառուցումից գետի մակակարդակի այսօրինակ բարձրացման առաջին դեպքն է:
Այսուհանդերձ, այն, որ կառուցապատման նախագծում բնական ռեսուրսների շահագործման առանձնահատկություններն ու հնարավոր երևույթները հաշվի չեն առնվել, փաստ է: Հատկապես, երբ Աղստև գետն իր պատմության ընթացքում ժամանակ առ ժամանակ ունեցել է մակարդակից մի քանի մետրով ավելի բարձր վարարումներ:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ գետի վրա կառուցված բոլոր ՀԷԿ-երը կառուցվել են քաղաքաշինական նորմերի խախտմամբ:
«Անցած տարի, հենց մայիս ամսին, հանձնախումբ էինք ձևավորել և ուսումնասիրություն կատարել, որի արդյունքների հիման վրա համապատասխան համայնքի ղեկավարներին վարչական տույժի ենք ենթարկել: Այժմ այդ գործերը դատախազությունում են: Ուսումնասիրության համաձայն՝ նկատել ենք շեղումներ երկու գործատուների մոտ էլ, որոնց մեջ կա վիճաբանություն: Եվ հետո, կարող եմ ասել, որ քաղաքաշինական նորմերի խախտումները մասսայական բնույթ են կրում, չնայած որ համապատասխան փաստաթղթային ամրագրումներն ու ձևակերպումներն իրականացվել են»,- ասաց Հայկ Չոբանյանը:
Անդրադառնալով մարզում տեղի ունեցած բողոքի ակցիային, մարզպետը հետևյալ կերպ արձագանքեց. «Հնչում են մեղադրանքներ և եզրակացություններ՝ առանց դիտարկելու օրինական ճանապարհը, քանի որ պետության մեջ բոլոր գործընթացները պետք է իրականացվեն օրինական ճանապարհով: Պետք է ապավինել պետությանը: Կա հարուցված գործ և գործը գտնվում է դատարանում: Ստեղծված աժիոտաժը որևէ դրական ազդեցություն գործի վրա չի կարող ունենալ, բացի բացասականից՝ առ այն, որ հերթական անգամ խառնակիչ վարքագիծ ցուցաբերվեց: Հայտարարվում էր, որ ճանապարհ կփակեն, այն դեպքում, երբ ճանապարհը ստրատեգիական է և սպասարկում է նաև ՀՀ զինված ուժերին: Սա անընդունելի է իմ կողմից»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան