Թուրքիան ռուսներին և ադրբեջանցիներին թույլ է տվել բուժման նպատակով մուտք գործել իր տարածք
Թուրքիայի իշխանությունները Ռուսաստանի և մի շարք այլ երկրների քաղաքացիների թույլ են տվել հատել սահմանը բուժհաստատություններում բուժման համար: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին շաբաթ օրը հաղորդել է Anadolu-ն:
Այս որոշումը երկրի կառավարությունը կայացրել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մտցված կարանտինը պարզեցնելու միջոցառումների շրջանակներում:
Թույլտվությունը տարածվում է նաև Ադրբեջանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Վրաստանի, Ջիբութիի, Իրաքի, Ղազախստանի, Քաթարի, Ղրղզստանի, Լիբիայի, Մոլդովայի, Նիդեռլանդների, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի քաղաքացիների վրա:
Միևնույն ժամանակ, միայն կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքներ ունեցող հիվանդները կարող են հատել Թուրքիայի հետ սահմանը:
Ըստ Anadolu-ի՝ հանրապետությունում բուժում անցնելու ցանկություն ունեցող օտարերկրացիների մասին տեղեկատվությունն առաջին հերթին մուտքագրվելու է բժշկական հսկողության միջազգային համակարգ: Նախնական հաստատում ստանալուց հետո նոր նրանց կտրվի Թուրքիայի բժշկական հաստատություններում բուժման թույլտվություն:
Կորոնավիրուսի նոր տեսակը Թուրքիայում առաջին անգամ հայտնաբերվել է մարտի 10-ին Եվրոպայից վերադարձած տեղի բնակչի մոտ: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը մինչ այժմ գերազանցել է 146 հազարը, մահացել է 4 055 մարդ, ապաքինվել՝ 106 133-ը: