Նիկոլ Փաշինյանը հաստատեց մաքսանենգ ծխախոտի մասով Միքայել Մինասյանի հայտարարությունը
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը օրերս սկանդալային բացահայտում էր արել՝ հայտարարելով, որ Հայաստանից կարանտինի օրերին մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտ է արտահանել իբր Աֆղանստան, բայց նախատեսված է եղել վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում:
«Ես ուզում եմ նշել, որ այդ ծխախոտի արտահանման հարցում Հայաստանի մաքսային մարմինները իրավախախտում, ապօրինություն, արտոնյալ վիճակ ոչ մեկի համար չեն ստեղծել։ Մեղավորն արտահանողներն են, որոնք պետք է արտահանեին այլ երկիր, բայց որոշել էին ուրիշ երկրում վաճառել, որը չէին կարող անել։ Այդ երկրի իրավապահները պետք է պարզեն ու բոլոր մեղավորներին պատժեն»,-ընթացող ասուլիսում հնչեցրած հարցերին ի պատասխան ասաց Փաշինյանը:
Նա չմեկնաբանեց Մինասյանի ևս մեկ բացահայտում, որ այդ մաքսանենգ սխեման ղեկավարել են իր ընտանիքի անդամները, այդ թվում՝ իր կնոջ եղբայրը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
«Ինչ վերաբերում է կնոջս եղբորը վերաբերվող դրվագին, ես տեղյակ եմ, որ Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել և այդ հարցին ոչ թե ես պատասխանելու կարիք ու անհրաժեշտություն կունենամ, այլ բոլորս հրապարակային կտեսնենք՝ ինչն է ճիշտ, թե ինչն է սխալ»,- ասաց Փաշինյանը: