Հռոմի պապը համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել է գաղթականների դրամայի վրա
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է ներքին միգրանտների դրամայի վրա, որոնք քաղցի, զինված բախումների և այլ լուրջ վտանգների պատճառով ստիպված են լքել իրենց տները՝ COVID-19 համաճարակի պատճառով ստեղծված համաշխարհային ճգնաժամի պայմաններում:
Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, այս թեման հովվապետը բարձրացրել է Միգրանտների և փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ուրբաթ օրը հապարակած ավանդական ուղերձում, որն այս տարի Հռոմի կաթոլիկ եկեղեցին կնշի սեպտեմբերի 27-ին: Այս անգամ պապական ուղերձը անվանել է «Ստիպված փախչողները, ինչպես Հիսուս Քրիստոսը»:
Հիշեցնելով Սուրբ Ընտանիքի Եգիպտոս կատարած փոխուստի ավետարանական պատմությունը՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօրվա փախստականներին համեմատել է Քրիստոսի հետ և նշել, որ COVID-19 համաճարակը միայն ավելի է խորացրել ներքին տեղահանվածների խնդիրը:
«Ես որոշեցի այս ուղերձը նվիրել ներքին միգրանտների դրամային, դրամա, որը հաճախ անտեսանելի է, և որը սրվեց COVID-19 համաճարակի պատճառով ստեղծված գլոբալ ճգնաժամի պատճառով»,- ասվում է ուղերձի մեջ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շեշտել է, որ ներկայիս ճգնաժամն իր արագությամբ, սրությամբ և աշխարհագրական տարածմամբ հանգեցրել է միլիոնավոր մարդկանց տանջող բազմաթիվ այլ հումանիտար արտակարգ իրավիճակների վերագնահատման:
Այնուամենայնիվ, համաճարակը չպետք է առիթ դառնա մոռանալու ժամանակակից աշխարհում առկա շատ այլ սուր խնդիրների մասին:
Հովվապետը հիշեցրել է, որ ամեն օր ԶԼՄ-ները հաղորդում են բազմաթիվ մարդկանց մասին, որոնք փախչում են քաղցից, պատերազմից և այլ լուրջ վտանգներից՝ իրենց և ընտանիքների համար անվտանգության և պատշաճ կյանք փնտրելու համար:
«Որպեսզի պահպանենք ընդհանուր տունը և այն ավելի ու ավելի նմանեցնենք Աստծո նախագծած տանը, մենք պարտավոր ենք ապահովել միջազգային համագործակցություն, գլոբալ համերաշխություն և տեղական կարեկցանք՝ չանտեսելով ոչ մեկին»,- եզրափակել է հովվապետը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բազմիցս կոչ է արել միջազգային հանրությանը և բարի կամքի բոլոր մարդկանց՝ համապարփակ օգնություն ցուցաբերել փախստականներին և միգրանտներին:
Ժամանակին նա «ամոթանք» էր անվանել այն իրավիճակը, որը ստեղծվել էր դեպի Եվրոպա զանգվածային գաղթի շուրջ:
2018 թ-ին Հռոմի պապը, ելնելով «հովվական նկատառումներից», որոշեց սեպտեմբերին հետաձգել միգրանտների և փախստականների համաշխարհային օրը, որը կաթոլիկները նախկինում նշում էին հունվարի կեսերին:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի