Հիմա գազի գնի բարձրացման շուրջ խոսելու լավագույն ժամանակը չէ.Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ «Առավոտ» օրաթերի հարցին, թե ինչպես է ստացվել, որ ում հետ ճանապարհ է անցել՝ լրագրողներ, «Լուսավոր Հայաստան», ՀԱԿ՝ բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել և դրանք այժմ էլ բարդ են:
Փաշինյան- Առնվազն քաղաքական հատվածներում պատճառները շատ բացահայտ են եղել ու հրապարակային, ուղղակի, պարզապես, երբ որ եկել են վճռական պահերը և դրանից առաջ էլ ունեցել եմ Հայաստանում քաղաքական փոփոխություններ իրականացնելու իմ սեփական պատկերացումները, և այդ պատկերացումները որոշակի հատվածով համընկել են մի շարք քաղաքական ուժերի պատկերացումների հետ և մի պահից այդ պատկերացումները դադարել են գոյություն ունենալ:
Եթե խոսվում է անցած ճանապարհի մասին, ապա ամենակարևոր ժանապարհը 2018 թվականի մարտի 31-ին սկսած ճանապարհն է և այդ ժամանակ մենք համախոհների փոքր խմբով ենք իրականացրել:
Նախկինում «Հայ ազգային կոնգրես»-ի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ «Ելք» դաշինքի շրջանակներում քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների պատկերացումների շուրջ եղած տարաձայնությունների պատճառով: «Հայ ազգային կոնգրես»-ի պարագայում այդ առիթը եղել է, հիշում եք, հայտնի, եռյակ-քառյակի տրամաբանությունը, դրանից առաջ էլ բուրժուադեմոկրատական հեղափոխության տեսության հետ կապված իմ անհամաձայնությունն էր:
Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ տարաձայնությունները գագաթնակետին են հասել այն ժամանակ, երբ որ «Ելք» խմբակցությունում քննարկում էին, որ պետք է Հայաստանում Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալուն ուղղված շարժում ու քայլարշավ սկսենք, և այդտեղ արձանագրվեց շատ խորը գաղափարական, հայեցակարգային տարաձայնություններ: Ընդհանուր առմամբ կյանքը ցույց տվեց, որ առնվազն այս մասով՝ Հայաստանում կյանքը փոխելու մեթոդի բանաձևի առումով իմ պատկերացումներն ավելի ճիշտ դուրս եկան, քան իմ հարգարժան գործընկերների պատկերացումները:
Ես ուզում եմ Ձեզ մի բան ասել, թե քաղաքական գործընթացում ինչն է պատճառը․ Պատճառներից մեկը եղել և կարող է շարունակել մնալ այն, որ քաղաքական գործունեության մեջ ես երբեք չեմ վախեցել միայնակ մնալ: Իմ քաղաքական գործունեության ընթացքում եղել են կոնկրետ պահեր, երբ որ ես ինձ հարցրել եմ, թե ովքեր են այս պահին իմ քաղաքական համախոհները: Ես այս հարցին ունեցել եմ մի պատասխան՝ իմ ընտանիքը: Ընդ որում, այդ նախկին ընտանիքի մեծամասնությունն անչափահասներ էին, որոնք այնքան էլ գլխի չէին ընկնում, թե ինչի մասին է փոսքը:
Ես չեմ վախեցել, որ մենակ կմնամ։
Ինչ վերաբերում է լրագրողական հանրությանը՝ ի վերջո այդտեղ կա մի կարևոր նրբություն, որը ես պետք է խոստովանեմ: Իմ լրագրողական գործունեությունը հենց սկզբից ունեցել է լուրջ գաղափարախոսական և քաղաքական կոմպոնենտ և իմ լրագրողական գործունեությունը, ինչ որ չափ, երբեմն գուցե ենթագիտակցորեն, հետո նաև գիտակցորեն, որպես քաղաքական գործունեության մաս է եղել և հնարավոր է շատ լրագրոներ ինձ որպես այդպիսին՝ որպես 100 տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել և դրանում ունեցել են իրենց հիմնավորումները:
Իսկ հիմա ԶԼՄ-ների, հանրության հետ ես շփվում եմ, որպես երկրի ղեկավար, սրանից բխող իր բարդություններով և նրբություններով: Ընդհանուր առմամբ, այս համատեքստում էլ, գուցե դա վատ է, այն դեպքերում, երբ հարցն ունի շատ սկզբունքային գաղափարական, գաղափարախոսական նշանակություն, այդ պարագայում էլ ես շարունակում եմ չվախենալ մենակ մնալ: Դա ճիշտ մոտեցում է: Հակառակը՝ կոնֆորմիզմն է, հարմարվողականությունը, որ անընդհատ հարմարվես հանգամանքների, ինչ որ շահերի և այդպես տեղավորվես կոնֆորտ իրավիճակում: Ես այսպես եմ մեկնաբանում՝ ամենայն հարգանքով վերաբերվելով իմ նախկին քաղաքական և ոչ քաղաքական գործընկերներին»:
«Հիմա գազի գնի բարձրացման շուրջ խոսելու լավագույն ժամանակը չէ».Նիկոլ Փաշինյան
«Ինտերֆաքս»- Ռուսաստանի գործընկերների հետ հարաբերությունները հարթվա՞ծ են, թե կան խութեր առաջացնող հարցեր: Հայտնի է, որ ՌԴ իշխանությունները ոչ միանշանակ են ընկալում Հայաստանում ռուսական կապիտալով գործող ընկերությունների շուրջ ծավալվող իրավական գործընթացները: Ե՞րբ կլինի հստակություն Ռուսաստանից մատակարարվող գազի շուրջ, ո՞ր փուլում են բանակցությունները:
Նիկոլ Փաշինյան- ««Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով և այն կքննարկվի:
Քանի որ քաղաքական խորհրդակցությունները շարունակվում է , այս պահին որևէ կոնկրետ բան չեմ կարող ասել։ Բայց նավթի գների անկման և փլուզման պայմաններում մենք կարող ենք Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանից ակնկալել, որ հիմա գազի գնի բարձրացման շուրջ խոսելու լավագույն ժամանակը չէ, մանավանդ կորոնավիրուսի ճգնաժամի՝ նրա բերած սոցիալական խնդիրները հաշվի առնելով»։
Անդրադառնալով ռուսական կապիտալով ընկերությունների հարցին՝ վարչապետը տեղեկացրեց, որ դրանք բաց ձևով քննարկել է ՌԴ իր գործընկերոջ հետ և ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ, որոնք մնում է ի կատար ածել՝ հաշվի առնելով երկրների և նրանց հարաբերությունների շահերը:
«Ինչ վերաբերում է խութերին ու հարցերին, ապա ասեմ, որ մենք ունենք շատ հարուստ օրակարգ, մենք այդ օրակարգի հարցերն լուծելով գնում ենք առաջ և համոզված եմ, որ հետագայում էլ լուծելով կգնանք առաջ»,- հայտարարեց Փաշինյանը և համոզմունք հայտնեց, որ այն կլինի կոմպրոմիսի միջոցով:
«Panorama.am-ի հարցը- «Վերջերս եղան հրապարակումներ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանի վեճի մասին, որը հանրության մեծ մասը չդասեց անձնական հարաբերությունների մակարդակին: Կորոնավիրուսի համավարակի պայմաններում շատ բաներ գնահատվում են այդ տեսանկյունից: Արդյո՞ք չկա հակասություն և կոնֆլիկտ համաճարակի վերահսկողության և դեղերի փորձաքննության միջև: Ինչպիսի՞ն է դեղերի որակի, քանակի, արդյունավետության իրավիճակը կոնկրետ այդ վարակի հետ կապված:
Ն. Փաշինյան. Ես ներողություն եմ խնդրում, բայց այդ հարցից «Կիկոսի մահը» հիշեցի: Այսինքն՝ գիտեք ինչ, հարցի տակ դրված է այն կանխավարկածը, որ մամուլը գրել է, թե այդպիսի միջադեպ է տեղի ունեցել և դա արդեն 100 տոկոսանոց ճշմարտություն է ու այդ ճշմարտության վրա կառուցվում է երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը: Բա՞ որ հիմա պարզվում է, այսպես ասած, այդ շղթայի առաջին օղակը սուտ է ուղղակի: Հորինված, հնարված սուտ է, որը տեղի չի ունեցել: Բա հետո ի՞նչ է տեղի ունենում: Տեղի է ունենում այն, որ հարցը հանվում է, քանի որ հարցի հիմքում դրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»:
Վերոհիշյալ հիմնավորմամբ վարչապետը չպատասխանեց նաև վերջին հարցադրմանը:
Անդրադառնալով դատական համակարգի բարեփոխման հարցին՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ դատական համակարգում բաեփոխումները պետք է ընթանան հանդարտ, որպեսզի դառնան խորքային և այդ գործընթացը համեմատեց խորովածի պատրաստման հետ:
«Երբ մեզ մոտ հյուր են գալիս, և խնդիր կա շտապ խորոված անելու, դրա համար թեժ կրակ է արվում, բայց եթե այդ խորովածն արվում է ավելի արագ, քան անհրաժեշտ է, երեսը վառվում է, մեջը հում է մնում, արդյունքում, հյուրերը մնում են սոված: Այդ բարի մղման պատճառով հյուրերը սոված են հեռանում, քանի որ ուտելու չի այդ խորովածը»,- նշեց վարչապետը և նկատեց, որ նույն ձևով բարեփոխումներ են ընթանում և կան տասնյակ դեպքեր, որոնց երեսը վառած է, մեջը հում է:
Վարչապետը նշեց՝ չի ուզում, որ Հայաստանում արագ ստեղծվի պրոհեղափոխական, բայց խամաճիկային դատարան, այլ ուզում է անկախ դատարան ունենալ:
«Ես ցնցված եմ այն փաստից, որ մեր իրականության մեջ մաֆիոզ մտածողությունն ինչքան խորն է, որ այս բաժակի սև ու սպիտակ լինելու վերաբերյալ մեր դիրքորոշումը կարող է մեծապես կախված լինի, թե այս բաժակի սև ու սպիտակ լինելը մեր ընկերոջը, կլանին, որքանով է ձեռնտու»,-հայտարարեց վարչապետը:
Այնուհետև նա նշեց.
«Մարդիկ ուզում են գերանդին վերցնեն, աջ ու ձախ հնձեն՝ թացը չորի հետ խառնելով, ես դա ճիշտ չեմ համարում և կարծում եմ, որ պետք է գնանք լավ խորոված անելուն, որ մինչև խորքը եփվի, բովանդակային կերպով եփվի, և դա է երկարատև արդյունք բերելու»։
Փաշինյանը նաև նշեց, որ կան բազմաթիվ կադրեր, որոնք ազնիվ են, բյուրեղյա, բայց ունեն զրո պրոֆեսիոնալիզմ, և կան պրոֆեսիոնալներ, որոնք ազնիվ չեն:
Armlur.am- Մարտի 1-ի դեպքերի առթիով գործ է հարուցվել, բայց 10 զոհերի մեղավորները դեռ չեն բացահայտվել: Քննության նպատակը նախկին պաշտոնյաներին մեղադրե՞լն է, թե՞ գործը բացահայտելը:
Ն. Փաշինյան. «Գործը քննող քննչական խմբի ղեկավարը, եթե կրակված պարկուճները տարածքում փոխել է, դա նշանակում է, որ իսկական կրակողների պարկուճները չկան, և մենք հնարավորություն չունենք այսօր այդ պարկուճները նույնականացնել և փորձել այդ զենքերը գտնել։ Հիմա քննչական խմբի ղեկավարը գտնվում է հետախուզման մեջ։ Ինչո՞ւ, թող գա պատմի՝ ինչ է արել պարկուճները, գուցե ինքը գիտի՞ սպանության հեղինակների անուն, ազգանունները»։
Վարչապետը համոզված է, որ քննությունը պետք է շարունակվի, և պետք է ջանքեր գործադրվի այդ անձին ձերբակալելու և Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։
«Մեծ հաշվով պարզ է, թե ովքեր են, ինչ շրջանակ է կազմակերպել այդ սպանությունները։ Պարզ է՝ ովքեր են ապօրինի զինված խմբավորումներ ձևավորել և մտցրել ժողովրդի մեջ»,- նշեց Փաշինյանը և տեղեկացրեց, որ այն ժամանակ գործող նախագահի օգնականը փաստահավաք խմբի քննությանը գնացող մարդկանց վրա ճնշումներ է գործադրել։
«10 տարի թաքցրած իրականությունը շատ հեշտ չի երկու տարում բացահայտել։ Եթե հիմա պարզվի, որ այդ իսկական պարկուճները տարել են մի տեղ ձուլարանում ձուլել են, պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում»,- եզրափակեց Փաշինյանը։
Հարց- Կառավարության կողմից տրամադրվող աջակցության ծրագրերից օգտված՝ պայմանագրային զինծառայողներից, ԱԻՆ-ի և ոստիկանության աշխատակիցներից, ստացած գումարները հետ պահանջեցին և նրանց մեղադրեցին այն դեպքում, երբ դա կառավարության աշխատակիցների սխալի հետևանքն է եղել:
Ն. Փաշինյան- Օգտվելով նրանից, որ իրենց աշխատանքը գաղտնի է և հարկային բազաներում չի ֆիքսվում, մտել են և օգնություն ստացել, ընդ որում այն ոլորտներում, որտեղ մենք առաջինն ենք աշխատավարձերը բարձրացրել և վերջին 2 տարում այդպիսի տասնյակ 26 հազար դրամներ ենք այդ մարդկանց տվել, բայց հարցը փողը չէ, հարցը էությունն է։
Հարցն այն է, թե մենք ի՞նչ հանրություն ենք ուզում լինել՝ կպցնողների, շնից մազ պոկողների, քերողների հանրություն լինե՞նք, թե ուզում ենք կարգը հարգող հանրություն լինենք։ Ողբերգություն չէ՞, երբ այս երկրի անվտանգությունը պաշտպանելուն ուղղված կոչում ունեցող բարձրաստիճան սպան, գնդապետը, իմանալով, որ իր անունն այնտեղ ֆիքսված չէ, մտնում է, որ 26 հազար դրամ տանի, մինչդեռ պետությունը հեղափոխությունից հետո իրեն 20 հատ այդպիսի 26 հազար դրամ է տվել։ Ասում ենք՝ պետք է հետ տաք այդ փողը, մի հատ էլ ձեր հետագա աշխատանքի հարցը պետք է քննարկենք, պետք է նայենք, թե դուք այդ կոչումը կրելու իրավունք ունե՞ք, թե՞ չէ։
Սա չի նշանակում՝ մենք չենք հասկանում, որ սոցիալական պրոբլեմ կա երկրում, սոցիալական պրոբլեմ կա: Ասենք, ժողովուրդ ջան հարձակվեք բանկերը թալանեք, խանութները թալանեք, ով հագին շոր ունի, հանեք դուք հագեք, այս ի՞նչ մտածելակերպ է ընդհանրապես։ Անկեղծ ասեմ, եթե այս ամենն է մեր հավաքական ընկալումը, ես այս երկրում այս պաշտոնում անելու բան չունեմ։ Իմ այս կարգավիճակում լինելու միակ իմաստն այն է, որ մենք ընդհակառակը այլ կերպ մտածենք։
Slaq.am- Դուք հայտարարել եք, որ կոռուպցիոն գործընթացներից բյուջե եք վերականգնել 105 մլն դոլար, եթե համադրենք 2018 և 2019 թվականին գլխավոր դատախազության տարեկան hաշվետվությունները, ապա բոլոր հանցագործություններով վե8ականգնված գումաը մոտ 40 միլիարդ է, իսկ միայն կոռուպցիոն հանցագործություններով՝ 5 մլրդ: Ի հավելումն այս թվերի,ԱԱԾ-ն հայտարարում է, որ միայն այդ կառույցը կոռուպցիոն հանցագործությունների մասով վերականգնել է, մոտ 26 մլրդ դրամ: Ինչպե՞ս է առաջանում նման անհամապատասխանություն: Ի վերջո, կասեք, թե որքան գումար է վերականգնվել:
Ն. Փաշինյան- Այդ անհամապատասխանությունը ունի շատ կոնկրետ բացատրություն: Այսօրվա պաշտոնական թվերով, նաև այսօր էլ ես հայտարարեցի, որ խոսքը 45 միլիարդի մասին է, որը 105 մլն դոլար չէ, այլ ավելի պակաս է: Բայց իրականում վերականգնվել է 105 մլն դոլար և ես կարող եմ ասել, որ երբ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի անդամներից մեկի հաշվեհամար էր հայտնաբերվել, որտեղ 28 մլն, թե 30 մլն դոլար գումար կար, հետո այլ ընթացակարգերի և այլ հանգամանքների բերումով, այդ 28 մլն դոլարը նվիրաբերվեց Արցախի հանրապետությանը և այն օգտագործվեց ռազմական պաշտպանական անվտանգության կարիքների համար: Այդ հատվածը չի վերադարձվել այլ ընթացակարգերով, այլ Արցախի հանրապետությանն է վերադարձվել: Այդ թվերի անհամապատասխանությունը դա է: Ամեն անգամ մենք այդ հաշվառումն անելիս այդ պրոբլեմն ունենում ենք: Խնդրում եմ արձանագրել, որ այդպիսի բան կա։
Դիմելով սենյակում կադրից դուրս նստածներին՝ վարչապետը փորձեց պարզել, թե այդ մասին նախկինում արվել է հրապարակում, թե չէ: Ճշտելով, որ չի արվել՝ Փաշինյանն ասաց. «Պարզվում է՝ սենսացիոն հայտարարություն արեցի»:
Հայաստանում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին որտեղի՞ց են իմանում՝ քուչեքո՞ւմ, բիսետկեքո՞ւմ
«ՆյուԱրմենիա»-ԱԺ-ն վավերացրեց խնդրահարույց Լանզարոտիի կոնվենցիան, ի՞նչ գործառույթներ են իրականացվելու դպրոցներում համապատասխան մասնագետներ ընդգրկելու և ծրագիր մշակելու հարցում, ո՞ր քայլերից եք սկսելու։
Ն. Փաշինյան- «Ուզում ենք համակարգ ստեղծել, որպեսզի ծնողներն իրազեկված լինեն և հաղորդակցություն ունենան իրենց երեխաների հետ, որ եթե սեռական ոտնձգության դեպքեր լինեն՝ նախ երեխաները ճանաչեն այդ դեպքերը և իրենց ծնողներին ասեն դրա մասին։
Մանկապղծության դեպքերի տարածումն ինչի՞ հետ է կապված: Այդ պոտենցիալ մանկապիղծները 90 տոկոսով համոզված են, որ դրա մասին ոչ երեխան կասի, ոչ էլ ծնողը հետաքրքրված կլինի դրանով, որովհետև դա ընդունված չէ։
Այստեղ այնքան երեխայի կրթության մասին չէ, որքան ծնողի կրթության մասին։ Ով ծնող է իր մեջ մտավախություն չի՞ առաջանում, եթե չէ, ուրեմն այդքան էլ մտահոգ ծնող չէ, ընդ որում համաշխարհային պրակտիկա է՝ երեխաները սեռական ոտնձգության ենթարկվում են մեծամասամբ այդ ընտանիքին ծանոթ մարդկանց կողմից, և երեխաները շատ դեպքերում չգիտեն էլ, այն ինչ կատարվում է իրենց հետ նորմա՞լ է, թե՞ ոչ, իրենք դրա մասին պե՞տք է ասեն, թե՞ ոչ։ Հայաստանում ամեն ինչ պետք է անել, որ մանկապղծության դեպքերը բացառվեն»։
Վարչապետը հռետորական հարց ուղղեց. «Սեռական դաստիարակություն պե՞տք է լինի, թե՞ ոչ: Նրանք, ովքեր ասում են, որ չպետք է լինի, հարց եմ տալիս, իսկ Հայաստանում նորապսակ զույգերը սեռական կյանքի մասին, որտեղի՞ց են իմանում, քուչեքո՞ւմ, բիսետկեքո՞ւմ, կողքից լսելո՞վ, իսկ դա ի՞նչ հետևանքների է բերում, շատ բարդ հետևանքների, որոնց մասին Հայաստանում ընդունված չէ խոսել և վատ է։ Սեռական գրագիտության բացակայության պատճառով ինչքա՞ն մարդ է, որ իմպոտենցիայով է տառապում Հայաստանում, գիտե՞նք, թե՞ չգիտենք, սա հա՞րց է, թե՞ հարց չէ, պրոբլե՞մ է, թե՞ պրոբլեմ չէ»:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը հաստատեց մաքսանենգ ծխախոտի մասով Միքայել Մինասյանի հայտարարությունը
- Փաշինյան. Չի կարող Արցախի հարցը լուծվել առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների
- Ինչո՞ւ չեն գործում Փաշինյանի բացած ձեռնարկությունները. «Դա էական չէ»
- Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ևս 100 փաստ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին