Փաստաբան. Պարոն վարչապետ, ինչպես դուք եք ասում, մի հատ եկե՛ք լրջանանք էլի
Փաստաբան Նորայր Նորիկյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում՝ Արմեն Իսրայելյանի սպանության մասին հարցին ի պատասխան հայտարարություններին ու նշել.
«Պարո՛ն վարչապետ, այլընտրանք չկա՝ Հայաստանում երբևէ իրականացված և հնչեղություն ստացած բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն, անկախ նրանից, թե դրա հետևում ով կամ ովքեր են կանգնած:
Եվ եթե վերջին երկու տարվա ընթացքում այդ սպանությունների բացահայտման ուղղությամբ ունենք զրո արդյունք, ուրեմն դա օրինականության վերականգնման ու արդարության հաստատման գործընթացի տապալում է:
Ինչպես Դուք եք ասում՝ ժողովո՛ւրդ, մի հատ եկե՛ք լրջանանք էլի...»։
Հիշեցնենք, որ Politik.am-ը հարց էր ուղղել Փաշինյանին՝ արդյո՞ք իրեն մեղավոր չի զգում Սամվել Ալեքսանյանի ընկերություններից մեկի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանի սպանության համար, հատկապես, երբ նա սպանվել է վարչապետի ընտանիքին պատկանող թերթին հարցազրույց տալուց հետո։ Լրագրողը հիշեցրել է, որ թեև ընդդիմադիր եղած ժամանակ վարչապետը հայտարարում էր, որ նրա սպանության հետքերը տանում են Սամվել Ալեքսանյանի մոտ, սպանությունը մինչև այժմ բացահայտված չէ։
Ի պատասխան կառավարության ղեկավարն ասել էր, որ Հայաստանում կան բազմաթիվ չբացահայտված հանցագործություններ։
«Իրավապահ համակարգի առաջ խնդիր է դրված բոլոր հանցագործությունների բացահայտման համար անել առավելագույնս։ Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը միակ երկիրը չի, որտեղ կան չբացահայտված հանցագործություններ, բոլոր երկրներում էլ լինում են, բայց շատ դեպքերում էլ լինում են, երբ այդ հանցագործությունները տարիներ անց են բացահայտվում»,-մասնավորապես նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի