Հունիսի վերջին Իսպանիան կարող է սկսել զբոսաշրջիկներ ընդունել
Իսպանիան կարող է հունիսի վերջին սկսել արտասահմանցի զբոսաշրջիկներին ընդունել, երբ իսպանացիները իրենք էլ կկարողանան ազատորեն տեղաշարժվել իրենց երկրում: Այդ մասին TVE- ին տված հարցազրույցում ասել է տրանսպորտի նախարար Խոսե Լուիս Աբալոսը:
Ներկայում Իսպանիայում գործում են օտարերկրացիների ժամանման խիստ սահմանափակումներ:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, ներկայումս երկիր կարող են այցելել միայն նրանք, ովքեր գտնվում են ֆորս մաժորային իրավիճակներում, ինչպես նաև դիվանագետներ և սահմանակից շրջանների աշխատողներ:
Միևնույն ժամանակ, 14-օրյա կարանտին է գործոմ արտասահմանից բոլոր ժամանողների համար:
Ուրբաթ օրը Իսպանիայի արտաքին գործերի նախարար Արանչա Գոնսալես Լայան ասել է, որ իշխանությունները գիտակցում են զբոսաշրջության կարևորությունը երկրի տնտեսության համար և ցանկանում են զբոսաշրջիկներին որքան հնարավոր է շուտ ընդունել՝ հսկողության տակ առնելով կորոնավիրուսի տարածումը:
«Մենք շատ մտահոգված ենք այն ոլորտով, որը կարևոր է մեր երկրի համար և գլխավորն է որոշ ինքնավար համայնքներում, բայց մենք չենք կարող թույլ տալ օտարերկրացիների մուտքը, քանի դեռ իսպանացիները կարանտինում են: Մենք չենք կարող Մադրիդում գտնվող ընտանիքին ասել, որ իրենք իրավունք չունեն գնալ Վալենսիայի համայնքում գտնվող իրենց բնակարանը, այն դեպքում, երբ օտարերկրացին կարող է դա անել»,- ասաց Աբալոսը:
Հետևաբար, ըստ նրա, արտասահմանցի զբոսաշրջիկները կկարողանան գալ Իսպանիա միայն այն ժամանակ, երբ մարզերի միջև շարժումը կթույլատրվի իսպանացիների համար: Ըստ կանխատեսումների՝ դա կարող է տեղի ունենալ հունիսի վերջին:
Հարակից հրապարակումներ`
- Բալին կարող է զբոսաշրջիկների համար բացվել հոկտեմբերին
- Թուրքիան զբոսաշրջիկներին կվերադարձնի չեղարկված չվերթների գումարները
- Եվրոպայում զբոսաշրջությունը կվերականգնվի այս ամառ՝ չնայած վարակի տարածմանը
- Սոչին հունիսի 1-ից կընդունի զբոսաշրջիկիներին