ՀՅԴ ԳՄ Համավարակի ընթացքում իշխանությունը եղել է անպատասխանատու և անկարող
Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը, վերլուծելով կորոնավիրուսի հակազդման շրջանակներում ՀՀ կառավարության գործողությունները, կատարել է մի քանի արձանագրումներ։ Գնահատականի վերաբերյալ Գերագույն Մարմնի տարածած հայտարարության մեջ ասված է.
«1. Հակառակ 2019թ. դեկտեմբերին նոր կորոնավիրուսի մասին Չինաստանի պաշտոնական հայտարարությանը, իսկ այնուհետև բազմաթիվ պետությունների և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վարակի վտանգավորության մասին ահազանգերին՝ ՀՀ Կառավարությունն ի սկզբանե անլուրջ մոտեցում ցուցաբերեց վարակի նկատմամբ:
2. Իրավիճակին արագ արձագանքելու, համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու և վարակի հետագա տարածումը կանխելու փոխարեն, քաղաքական իշխանությունը, հաշվի չառնելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հետաձգելու բազմաթիվ կոչերը, ակտիվորեն շարունակեց քարոզարշավը և կազմակերպեց բազմամարդ հավաքներ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ պաշտոնապես հայտարարվել էր Հայաստանում կորոնավիրուսի վարակի առաջին դեպքի մասին: Բացի այդ, արձանագրված վարակի առաջին դեպքից հետո իշխանությունները հաղորդակցության սահմանափակումներ գործադրեցին միայն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, մինչդեռ վարակման բարձր ցուցանիշ ունեցող մի շարք երկրների հետ շարունակվում էր օդային առօրյա հաղորդակցությունը:
3. Որպես հետևանք` մարտի 12-ին գրանցվեց վարակի առաջին օջախը: Սակայն հանրահավաքներն ու քարոզարշավը դադարեցվեցին և կանխարգելման աշխատանքներ սկսվեցին միայն մարտի 13-ին կայացած հանրահավաքներից մեկից հետո, երբ հայտնի դարձավ, որ հանրահավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Քաղաքական իշխանության վարքագիծն իր բացասական հետևանքներն ունեցավ համավարակով պայմանավորված վտանգներն ու բարդությունները չեզոքացնելու հետագա ամբողջ գործընթացի վրա:
4. Հրատապ միջոցառումների ձեռնարկման հիմնավորմամբ Կառավարությունը մարտի 16-ին հայտարարեց արտակարգ դրություն, ստեղծեց պարետատուն: ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը, անհատ քաղաքական գործիչներ, մասնագետներ, հանրային տարբեր խմբեր հանդես եկան իրավիճակի հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ կոչերով և ծրագրային առաջարկություններով (որոնցից շատերը շարունակում են արդիական մնալ նաև այսօր), սակայն իշխանությունները դրանք քննարկման առարկա չդարձրեցին: Ներկայացված առաջարկներից շատերը կառավարությունը և պարետատունը գործադրեցին հատվածաբար` ամբողջականությունից կտրված, հաճախ նաև ժամկետների անտեսմամբ:
5. Առանց համավարակին դիմակայելու հստակ ռազմավարության՝ հայտարարված արտակարգ դրությունը համապատասխան լրջությամբ չընկալվեց ո՛չ հասարակության և ո՛չ էլ արտակարգ դրության սահմանափակումները գործադրող պետական մարմինների կողմից՝ կարճ ժամանակամիջոցում վերածվելով անարդյունավետ գործողությունների:
6. Իշխանության գործունեությունը հաճախ անտրամաբանական էր, զուրկ խնդիրների իրական լուծումների փնտրտուքի ճիգից, թելադրված հետագայում անգործության մեջ չմեղադրվելու մտայնությամբ՝ ուղեկցվելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շփոթ առաջացնող, իսկ հաճախ նաև անօրինական գործողություններով:
7. Օգտվելով ստեղծված վիճակից` կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը վավերացրեց խնդրահարույց, խորհրդարանական երկրին անհարիր որոշումներ, որոնք միտված էին քաղաքական խնդիրների լուծմանը և/կամ նախկինում թույլ տրված անօրինականությունները օրինականացնելու շահադրությամբ: Համավարակին դիմակայելու միջոցառումների շրջանակում կատարվեցին փոփոխություններ «Հեռահաղորդակցության մասին» ՀՀ օրենքում, որը բացարձակապես անարդյունավետ էր հայտարարված նպատակի առումով և ակնհայտորեն խախտում էր մարդկանց անհատական տվյալների և անձնական կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմերը։ Այս և այլ գործողություններով, քաղաքական իշխանությունը իրականացրեց քաղաքական խնդիրների լուծման փորձեր՝ ձևականորեն օգտագործելով իրավական տարբեր գործիքներ, որոնք պիտանի չեն համավարակի բացասական ազդեցությունների հակազդման տեսանկյունից:
8. Մի կողմից արտակարգ դրության հստակ ռազմավարության բացակայությունը, մյուս կողմից հնչեցված հակաճգնաժամային կառավարման առաջարկությունների անտեսումն ու ինքնահավան անփորձությամբ համավարակի դեմ պայքարի քաղաքական իշխանության վարքագիծը իմաստազրկեցին նաև արտակարգ դրության իրավական ռեժիմի էությունը: Փաստորեն, այն գործողությունները, որոնք քիչ թե շատ պարունակում էին հանրային առողջության պահպանման տարրեր (այդ թվում՝ սանիտարահամաճարակային կանոնները և դրանով պայմանավորված բնակչության տեղաշարժի ու կուտակումների առանձին սահմանափակումները), կարող էին իրականացվել նաև առանց արտակարգ դրություն հայտարարելու, որի համար անհրաժեշտ էր բարելավել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության օրենսդրությունը և ձեռնարկել սահմանադրությամբ ընձեռված հնարավորությունները: Մինչդեռ արտակարգ դրության իրավական ռեժիմի՝ որպես ծայրահեղ միջոցի գործադրումը ենթադրում է միջոցառումների այնպիսի կոշտ համալիր, որի գործողությունը պայմանավորված է բացառապես սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը հնարավորինս արագ չեզոքացնելու հրամայականով: Այլ խոսքով` երկրում արդեն իսկ 60 օր տևած և ևս 30 օրով երկարացված արտակարգ դրությունը ոչ միայն չի ծառայել (չի ծառայում) իր նպատակին, այլև դրանով նախատեսված և պարբերաբար վերանայվող միջոցառումներն անլրջացնում են այս հատուկ ինստիտուտը, խախտում քաղաքացիների և իրավաբանական անձանց մի շարք իրավունքներ՝ առանց էականորեն նպաստելու կորոնավիրուսի համավարակի բացասական դրսևորումները չեզոքացնելու գործին (պատահական չէ, որ միլիոն բնակչի հաշվով, Հայաստանը տարածաշրջանում գտնվում է համավարակի դիմագրավման առումով վատագույն արդյունքներ ունեցող երկրների շարքում):
9. Կառավարությունը անկարող գտնվեց տնտեսական անկումը մեղմացնող և սոցիալական խնդիրները լուծող հավասարակշիռ քաղաքականություն վարելու հարցում նույնպես: Արդյունքում` ցավալիորեն սպասվում է երկրի տնտեսության խորը անկում և սոցիալական վիճակի վատթարացում:
10. Տնտեսությանը հասցված վնասները մեղմելու համար ձեռնարկված միջոցառումները արդյունավետ չէին (չեն), հաճախ՝ սխալ: Սոցիալական աջակցության ծրագրերը, չնայած ներկայացվող շահառուների ականջահաճո թվերին, չներառեցին իրական կարիքավորների ողջ շրջանակը:
Հակաճգնաժամային սոցիալ-տնտեսական անարդյունավետ քաղաքականության դեպքերից են՝
ա) Հայտարարված կարանտինի պայմաններում տնտեսության (բացառությամբ գյուղատնտեսության) ակտիվության խթանման անտրամաբանական ծրագրերը, իսկ գյուղատնտեսության պարագայում՝ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողներին ոչ ուղղակի (բանկերի միջոցով) աջակցության անպիտան գործիքները: Անորոշություն է տիրում երկրի պարենային անվտանգության և ռազմավարական նշանակության պետական պահուստի համալրման հարցում:
բ) Բիզնեսին աջակցելու փոխարեն բանկերին ֆինանսավորելը։ Փաստորեն, կառավարությունը խուսափեց վերցնել տնտեսական ծրագրի իրականացման պատասխանատվությունը (ռիսկերը), որի պատճառով բիզնեսի աջակցության ծրագրերը հիմնականում սահմանափակվեցին վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ։
գ) Առանց բյուջետային ծախսերի վերանայման և գրավոր պատշաճ հիմնավորման՝ շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարով պետական պարտքի ավելացման կառավարության որոշումը։
դ) Կառավարության և Կենտրոնական բանկի հարկաբյուջետային և դրամավարկային ոչ ներդաշնակ, հաճախ նաև հակասական քաղաքականությունները, որոնց արդյունքում քաղաքացիներն ու տնտեսավարող սուբյեկտները չեն կարողանում ժամանակին կատարել իրենց վարկային պարտավորությունները: Առհասարակ Կառավարությունը ճիշտ և ժամանակին ազդակներ չի փոխանցում հանրությանը և գործարար համայնքին, որոնք սոցիալ-տնտեսական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության կարիք ունեն։ Այս դժվար օրերին վարչապետի պոպուլիստական հայտարարություններն ավելի շատ ուղղված էին իր և քաղաքական իշխանության վարկանիշի անկումը կասեցնելուն, քան սկսված և ահանգնացող սոցիալ-տնտեսական ճգնաժամին:
ե) Հակաճգնաժամային փաթեթների կիսատությունն ու ցածր հասցեականությունը, որոնց հետևանքով, ըստ էության, փոշիացվեց շուրջ 120 մլն ԱՄՆ դոլար։ Բացի այդ` առ այսօր հայտնի չէ, թե կառավարությունն ի՞նչ ուղղություններով է օգտագործելու միջազգային կազմակերպություններից և պետություններից ստացած (խոստացված) շուրջ 150 մլն ԱՄՆ դոլար օգնությունը։
զ) Հանրային միջոցների հախուռն և չհիմնավորված ծախսումները և խնայողության ռեժիմի հայեցակարգի բացակայությունը:
Հանրագումարում. Մի կողմից առկա է ֆինանսական միջոցների փոշիացում, մյուս կողմից շատ կարիքավորներ պետության կողմից չստացան անհրաժեշտ և կենսական օժանդակությունը:
11. Ստեղծված անհամարժեք վիճակից քաղաքացիները ելքը գտան` զանգվածաբար խախտելով արտակարգ դրությամբ թելադրված սահմանափակումները: Վարվող քաղաքականության նկատմամբ քաղաքացիների արդարացի դժգոհություններից խուսափելու նպատակով իշխանությունը հանեց արտակարգ դրությամբ պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները՝ համավարակի կանխման հիմնական պատասխանատու հայտարարելով անհատ քաղաքացուն: Փաստորեն, մայիսի 4-ից արտակարգ դրության ռեժիմի թուլացման մասին որոշումը, ըստ էության, իշխանությունների կողմից համավարակի տարածումը կառավարելու անկարողության խոստովանություն է, ինչը, առանց արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին օրենսդրական փոփոխությունների, չափազանց վտանգավոր որոշում է և հանգեցնելու է ծանրագույն հետևանքների:
12. Կառավարության անկարողությունը դրսևորվեց նաև դժվար պահերին հայությանը հատուկ բարեգործական ու բարեսիրական տարբեր նախաձեռնություններով հանդես գալու աշխատաքները համակարգելու հարցերում: Այդպիսի աջակցությունը ցուցաբերվեց ինչպես երկրի ներսում, այնպես էլ աշխարհասփյուռ հայության կողմից: Ավելին, չնայած քաղաքական իշխանության կողմից հայկական սփյուռքում էական դերակատարություն ունեցող կազմակերպությունների և անհատների վերաբերյալ անհամարժեք գնահատականներին, աշխարհասփյուռ հայության տարբեր գաղթօջախներից ինքնակամ նախաձեռնվեցին երկրի ներսում համավարակի դիմագրավման խնդիրների լուծմանն ուղղված օժանդակություններ, այդ թվում՝ ՀՅԴ Բյուրոյի կոչով Դաշնակցության տարբեր Կենտրոնական կոմիտեներ և ենթակա կազմակերպություններ կազմակերպեցին և Հայաստան ուղարկեցին բժշկական ու անհատական պաշտպանության պարագաներ, սոցիալական խոցելի խմբերին ցուցաբերվեց պարենամթերքով աջակցություն, կատարվեցին դրամական փոխանցումներ կորոնավիրուսի ազդեցության դեմ պայքարի նպատակով բացված գանձապետական հաշվին և այլն:
Ամփոփելով եզրակացնում ենք, որ
1. Համավարակի տարածման ամբողջ ընթացքում իշխանությունը եղել է քաղաքականապես անպատասխանատու, մասնագիտական առումով անկարող:
2. Ցուցաբերելով հակաճգնաժամային կառավարման բացարձակ անկարողություն` կառավարությունը շարունակում է նեղ քաղաքական նպատակներ հետապնդող իր վարքագիծը՝ անտեսելով երկրի ներքին և արտագին ահագնացող մարտահրավերները:
3. Անտրամաբանական և անընդունելի է արտակարգ դրության իրավական ռեժիմի` հերթական անգամ երկարացումը, երբ համավարակի դեմ պայքարում իրականացված գործողությունները և արձանագրված արդյունքները համահունչ չեն արտակարգ դրություն հայտարարելու նպատակադրումներին: Ավելին` ձեռնարկվող գործողությունները, որոնք ներկա փուլում, ըստ էության, համավարակի դեմ պայքարի միջոցառումներ են, կարող են իրականացվել առանց երկրում արտակարգ դրություն հայտարարելու՝ արտակարգ իրավիճակների օրենսդրությունը բարեփոխելու և օրինականության սկզբունքով գործադրելու միջոցով: Արտակարգ դրության իրավական ռեժիմը գործող կառավարությունն առավելապես օգտագործում է քաղաքական նպատակներով: Հետևաբար, այս ձախողված քաղաքականության ողջ պատասխանատվությունը կրում է օրվա քաղաքական իշխանությունը:
4. Քաղաքական իշխանությունը պետության համար այս ծանրագույն ժամանակաշրջանում պարտավոր էր (է) առաջնորդվել երկրում ներդաշնակ և հանդուրժողական մթնոլորտի ձևավորման, համահայկական ողջ ներուժի համախմբման և երկարաժամկետ հակաճգնաժամային միջոցառումներ մշակելու և գործադրելու անվերապահ վճռականությամբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան