Հայկ Ալումյան. Պարկուճով սպանություն չի բացահայտվում
«Պարոն Փաշինյանի հայտնած տեղեկությունները հեռու են իրականությունից։ Սպանությունների բացահայտումը պարկուճների հետ կապ ունենալ չի կարող»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ մարտի 1-ի սպանությունների պարկուճները տարածքում փոխելու մասին հայտարարությանը։
Փաստաբանն ընդգծեց, պարկուճով սպանություն չի բացահայտվում, Փաշինյանը հավանաբար ոլորտին չի տիրապետում և հեռու է այդ ոլորտից։
«Սպանության բացահայտման համար հրազենային վնասվածք պատճառած գնդակն են իդենտիֆիկացնում, նույնականացնում զենքի հետ։ Պարկուճը չի սպանում մարդուն, գնդակն է մահացու վնասվածք պատճառում: Դիլետանտական մոտեցումը որևէ ոլորտում ընդունելի չէ, իրավաբանության պես նուրբ ոլորտում՝ հատկապես»,-ընդգծեց Ալումյանը։
Նա նախ հարցականի տակ է դնում պարկուճները փոխելու մասին հայտարարությունները, ապա նկատում, եթե նույնիսկ այդպես է, ապա այդ պարկուճների առկայությունը կես քայլով չի մոտեցնի մարտի 1-ի սպանության դեպքերի բացահայտմանը։
«Այդ հայտարարությունը, որը ներկայացվեց որպես մարտի մեկի սպանությունները չբացահայտելու հիմնավորում, ոչ մի աղերս չունի իրականության հետ։ Կամ Փաշինյանն այդ ոլորտից գաղափար չունի, կամ փորձում է մոլորության մեջ գցել մարդկանց։ Պարկուճ գտնելով կես քայլ չենք մոտենա սպանության բացահայտմանը, գուցե նա փորձում է արդարացնել այն հանգամանքը, որ սպանություններից որևէ մեկը դեռ չի բացահայտվել»,-ասաց Հայկ Ալումյանը։
Հարցին, թե ինչո՞ւ մինչ այս պահը բացահայտված չէ մարտի 1-ի տասը սպանություններից որևէ մեկը, Ալումյանն ասաց՝ չի կարող ասել, ընդգծեց, որ մարտի մեկի գործի մեծ մասը թաքցվում է և փաստաբաններից, և հանրությունից, դրա մեծ մասը մնացել է նախաքննության մարմնի մոտ, գործի մի մասն է ուղարկվել դատարան։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ի ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես հայտարարել էր. «Գործը քննող քննչական խմբի ղեկավարը եթե կրակված պարկուճները տարածքում փոխել է, դա նշանակում է, որ իսկական կրակողների պարկուճները չկան, և մենք հնարավորություն չունենք այսօր այդ պարկուճները նույնականացնել և փորձել այդ զենքերը գտնել»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ. Այս գործի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխաններն արդեն տրվել են
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պատրաստում են վերաքննիչ բողոքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան